Վերջին շրջանում ԵԱՏՄ երկրների միջև ինտեգրացիոն նոր մեխանիզմների քննարկումները դեպի գործնական փուլ են թևակոխում: Խոսքը ֆինանսական կարգավորման և փոխադարձ վճարումների հարցերում միասնական մոտեցումներին է վերաբերում, որի կարևորության գիտակցումն, անշուշտ, առկա է, ինչի մասին տարբեր առիթներով արտահայտվել են միության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարները: Միասնական արժույթին անցնելն ինտեգրացիայի ամենաբարձր դրսևորումներից է, ինչն առկա է ԵՄ-ում:

Վերը նշված անցումը միասնական եվրոյին այդ միությունում պահանջեց մոտ երկու տանսամյակ նախապատրաստական շրջան: ԵԱՏՄ-ի դեպքում նույնպես միասնական արժույթը մոտ ապագայի հարց չէ: Միության ներսում փոխշահավետ համագործակցությունը ենթադրում է գործնական քայլեր ձեռնարկել արժութային քաղաքականության առումով: Հայաստանի մոտեցումն այս հարցում արտահայտել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին՝ Բելառուսի Հանրապետության Գրոդնո քաղաքում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որտեղ անդրադարձ է եղել ֆինանսական շուկայի կարգավորմանը:

ՀՀ գործադիրի ղեկավարը նշել է, որ ԵԱՏՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի դոլարիզացիայի կրճատման և փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով իրականացման արագացման ուղղությամբ: Այդ առումով նա կարևորել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև ռազմավարական նշանակության ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլու հիմքի վրա իրականացնելու գաղափարը:

Օրերս ականատես եղանք այն փաստին, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում վերահաստատել է այդ երկրի նախագահ Վլադիրմիր Պուտինը: ՌԴ նախագահին կից վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության և էկոլոգիական անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում նա կարևորել է ռուսական վառելիքաէներգետիկ համակարգի արտադրանքին վերաբերվող գործարքներում ռուբլու ուժեղացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ սկսելը:

ՌԴ նախագահը ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության ներսում նավթի և նավթամթերքների գները սահմանվում են դոլարով կամ դոլարային համարժեքով, նա անթույլատրելի և երկրի օրենսդրության հակասող է համարել նման մոտեցումը: ՌԴ նախագահն անդրադարձել է նաև գործընկեր երկրների հետ ազգային արժույթներով հաշվարկների անհրաժեշտությանը: Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի հետ ակտիվ առևտուր իրականացնող երկրների հետ գործարքների ժամանակ պետք է ավելի լայնորեն կիրառել ազգային արժույթները: Նա տեղեկացրել է, որ մշտական քննարկումներ են ընթանում գործընկերների հետ դրա շուրջ, և պետք է ձգտել անցնել նման հաշվարկների:

Կարելի է փաստել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մոտեցումն այս հարցում համընկնում է Հայաստանի մոտեցմանը և մեր երկրի տնտեսական շահերին: Հայաստանի վարչապետի առաջարկը ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլու հիմքի վրա իրականացնելու մասին, ակնհայտ է, որ վերաբերում էր հենց վառելիքաէներգետիկ համակարգին, ավելի կոնկրետ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազին:

Հարկ է նշել, որ խոսքը դոլարային համարժեքով, բայց ռուբլով վճարելու մասին չէ, այլ հենց ռուբլով սահմանվող գազի գնի մասին, ինչի արդյունքում կնվազի դոլարի փոխարժեքի տատանումից գազի գնի կախվածությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի, այդ թվում ներքին սպառողների համար:

Ճիշտ է, կարող է հարց առաջանալ ռուսական ռուբլու տատանումների հնարավոր ազդեցության մասին, սակայն այդ և ցանկացած այլ դեպքում երկու երկրներն ավելի հեշտությամբ կարող են փոխհամաձայնեցված լուծման հանգել՝ զերծ լինելով դոլարի վարքագծի անմիջական ազդեցությունից:

Գաղտնիք չէ, որ դոլարիզացիայի բարձր մակարդակը` որպես մեր տնտեսության մտահոգիչ խնդիր, մեկ անգամ չէ, որ արձանագրել են միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Մյուս կողմից էլ` կոնկրետ Հայաստանի համար, դա հնարավորություն կստեղծի զերծ մնալ հավելյալ քանակությամբ դոլար ձեռք բերելուց այդ նույն միջազգային կազմակերպություններից վերցրած վարկերն և դրանց տոկոսները մարելիս, որն, ինչպես հայտնի է, կատարվում է դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել