Ես ուկրաինացիներին սիրում եմ կարդալ, կասեք՝ ինչի՞, որովհետև շատ հաճախ այնպիսի լրատվական ու լրագրողական հետաքննություն եմ կարդում, որոնք «եթե կլոր ա, ուրմեն նարինջ ա» ֆորմատի են, իսկ դա մի փոքր տրամադրություն է փոխում (հիմնականում ռուսների վերաբերյալ են լինում հետաքննությունները)։

Սիրիայում ռուսական գործողությունների հենց առաջին օրերից ուկրաինական մամուլը փորձում էր Ղրիմում և Դոնբասում տեղի ունեցած դեպքերի բոլոր հնարավոր թելերը կապել Սիրիայում ԻՊ գրոհայինների դիրքերին հասցված հարվածների հետ: 
Անկեղծ ասած, խորանում և համեմատում էին անգամ ԻՊ-ի դիրքին հասցրած հրթիռը Դոնբասում պրոռուսական ուժից ինչ-որ մեկի՝ նկուղում գտած հրթիռի հետ: Մի խոսքով, ուկրաինական մամուլը տեղեկատվական լարված հոսքերի ժամանակահատվածում բոլոր հնարավոր տարբերակներով փորձում էր ցույց տալ, որ Ուկրաինայում ու Սիրիայում տեղի ունեցածը նույնն են, և որ Ռուսաստանը քանդում է Սիրիան այնպես, ինչպես քանդեց Ուկրաինան և այլն, և այլն:

Ինչևէ, ուկրաինական կայքերից մեկը հրապարակել էր նոր «հետաքննություն», որը կատարվել էր ֆեյսբուքից և թվիթերից ներբեռնված նկարների հիման վրա: 
Նյութում ներկայացրել են զինտեխնիկայի նկարներ, ինչ-որ փաստեր և այլն, և առաջին տողերը սկսվում էին «Ռուսաստանը գաղտնի զինտեխնիկա և ցամաքային զորք է մտցնում Սիրիա» բառերով: Նյութում ներկայացվում է, որ ռուսները նույն զորքն են բերել Սիրիա, ինչ Ղրիմում և Դոնբասում: Ներքևում նկարներ են զինտեխնիկայի ու անկանոն նկարած ինչ-որ սլաքներ, կլորներ: Անկեղծ ասած, դրա վրա ծախսեցի մոտ 15 րոպե ու չհասկացա, թե ինչ էր ցանկանում մեզ ցույց տալ մեր հետաքննիչ լրագրողը:

Ինչևէ, ամենահետաքրքիրն այն էր, որ նույն միտումն էր նկատվում նաև այս նյութում, այսինքն՝ ամեն 5-րդ տողում զուգահեռներ էին տարվում Ղրիմում և Դոնբասում տեղի ունեցածի հետ: Կայքերից մեկն էլ գրել էր, թե Ռուսաստանը շուտով կվերանա, որովհետև Սիրիայի «ընդիմադիրներն» ամեն ինչ այսպես չեն թողնի (թե ինչը չեն թողնի կամ ինչպես կքանդեն, ոչինչ չէր ասվում, զուտ հուզական մակարդակում գրված հոդված):
Հարցն այստեղ այն չէ, թե ինչ են գրում ուկրաինացիները, նմանատիպ նյութեր տպում են նաև արևմտյան լրատվականները: Հարցը լրիվ այլ հարթության վրա է: Ռուսների նկատմամբ այդ աստիճան ատելությունը հասցրել է նրան, որ ուկրաինական լրավականները շատ հաճախ տարածում են բացարձակապես ապատեղեկատվություն՝ ցույց տալու համար, որ ռուսները վատն են: Օրինակ՝ բազմաթիվ դեպքեր եղել են, որ ԻՊ-ականների կողմից հրապարակված տեսանյութերն ինչ-ինչ ճանապարհներով՝ ֆեյսբուքով կամ թվիթերով հասել են նրանց, ու կայքերն էլ դա ներկայացրել են որպես ընդիմադիրների հարվածը ռուսներին, կամ, ենթադրենք, Սիրիայի ընդդիմադիրների տանջանքները, հարվածներ նրանց դիրքերին և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել