Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ, կարելի է ասել, սեփական մաշկի վրա են զգացել ադրբեջանական կողմի շարունակական սադրանքներին, նրանց հրահրած սահմանային միջադեպերին լղոզված, հավասարության նշանով տված իրենց գնահատականների հետևանքները: Հենց այն ժամանակ, երբ համանախագահներն Արցախից անցնելիս են եղել Ադրբեջանի տարածք, ադրբեջանական կողմից ավտոմատ հրազենից կրակոցներ են արձակվել: 
Սա ավելին է, քան պարզապես խայտառակ սադրանքը: Սա ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահների ու նրանց գործունեության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղակի արհամարհական վերաբերմունքի ցինիկ դրսևորում է կամ պարզապես «ցուցադրություն»: 
Առավել ևս, որ ՄԽ համանախագահները ոչ թե սոսկ հատում էին շփման գիծը, այլ տվյալ տարածքում նաև հրադադարի ռեժիմի դիտարկում էին իրականացնում: 
Այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ տարածած տեղեկատվության մեջ մասնավորապես նշված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երեկ ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ:
Բայց. «Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: Սակայն դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից»,- մասնավորապես նշված է ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կարճ ժամանակ անց ցանցային լրահոսում հայտնվեցին նաև «թվիթերիստ» ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտնած տեղեկություններն ու «դեպքի վայրից» լուսանկարները: Ջ.Ուորլիքը «Թվիթեր» սոցցանցում մասնավորապես գրել է. «Երբ մենք անցնում էինք շփման գիծը, շարունակական կրակոցները ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին զրահաբաճկոններ հագնել. սա անընդունելի է»: 
Նրա հրապարակած լուսանկարներում պատկերված են ինքն ու գործընկերները՝ ՄԽ ռուս և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն, նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը շփման գիծը հատելու ընթացքում:
Ամերիկացի համանախագահի ասածներին ու մասնավորապես «սա անընդունելի է» բնորոշմանը դեռ կանդրադառնանք: Մինչ այդ նկատենք, որ «կրակային» սադրանքով չբավարարվելով կամ յուրովի զարգացնելով այն՝ Ադրբեջանն արագորեն դիմեց երկրորդ սադրանքին, այն է՝ տեղեկություն տարածեց, թե հայկական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը: 
Բնականաբար, մերոնց արձագանքը չուշացավ, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համապատասխանում: Ընդհակառակը, դիտարկման ավարտին ադրբեջանական կողմն իրեն բնորոշ գործելաոճով ավտոմատ հրազենից կրակահերթեր է արձակել»:
Դե ինչ, ընդհանուր պատկերը և եղելությունը պարզից էլ պարզ է: Միաժամանակ արդեն իսկ նկատելի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից այս խայտառակ միջադեպը համարժեք գնահատականի չի արժանանալու: 
Հարցն այստեղ այն չէ, թե ամերիկացի համանախագահ Ջ.Ուորլիքն ինչ է գրել կամ դեռ էլի ինչ կգրի «Թվիթերում»: Խոսքն ընդհանրապես համանախագահների գնահատականների մասին է: Վերջին հաշվով, միայն Ուորլիքը չէ: Մյուս երկու համանախագահներին էլ կարծեք ոչ ոք չի արգելել թեկուզ սոցցանցային իրենց էջերում, էլ չենք ասում՝ պաշտոնապես արձագանքել եղելություններին և կոնկրետ միջադեպին: Ի վերջո կրակոցները միայն Ջեյմս Ուորլիքի համար չեն եղել:
Առհասարակ հետաքրքիր է, թե է՛լ ինչ պետք է տեղի ունենա, որ համանախագահների գիտակցությանը վերջապես հասնի այն պարզ իրողությունը, որ իրենց ամեն մի լղոզված, ոչ հասցեական ձևակերպումն ընդամենը հանգեցնելու է Բաքվի կողմից նորանոր սադրանքների ու արկածախնդիր դրսևորումների: 
Այնպիսի տպավորություն է, որ եթե, ասենք, Ալիևը անձամբ ատրճանակն ուղղի համանախագահներից մեկնումեկի վրա և, ասենք, ծանր վիրավորի, ապա նրանք էլի «երկու կողմերին» ուղղված կոչեր կանեն, ինչը, իհարկե, անհեթեթ մոտեցում է: 
Ընդամենը մեկ օր առաջ ՄԽ ամերիկացի համանախագահը Երևանում պատմում էր իրենց այցի նախանշած նպատակների մասին: Իրավիճակի վերջին լարվածությանն էլ անդրադարձավ, բայց էլի՝ ոչ մի կոնկրետ արտահայտություն, թե ով է, ի վերջո, հրահրել նման կացություն, ո՞ր կողմը: 
Նման պայմաններում, կարծում ենք, Հայաստանի պաշտոնական արձագանքը բազմապատիկ կոշտ պետք է լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել