24 տարի մեր պետությունը գոյություն ունի: 3 նախագահ ենք ունեցել (ունենք), կարծեմ՝ 9-10 կառավարություն ու ամենակարևորը՝ անհամար թվով չինովնիկներ (բյուրոկրատիա): Բավական բարդ է գնահատել ինչպես նախագահների արած/չարածը, այնպես էլ կարծիք հայտնել տարբեր ժամանակահատվածներում տարբեր նախարարների, նախարարությունների աշխատանքի վերաբերյալ: 

Ինչ էլ գրես, միևնույն է, սուբյեկտիվ կլինի:

Ինչ վերաբերում է «չինովնիկ» երևույթին, ապա նրա՝ որպես մերօրյա իրողություններում ձևավորված սոցիալ-քաղաքական կաստայի մասին որոշ դիտարկումներ հարաբերական օբյեկտիվության դաշտում, այնուամենայնիվ, կարող ենք անել: «Չինովնիկ» ձևակերպումը սովորաբար բացասական երանգավորմամբ ենք ընկալում. այն մեզ համար «միջին» կամ «միջինից ոչ շատ բարձր տրամաչափի» պաշտոնյա- պետ. կամ հանրային ծառայողն է: Եթե ավելի պարզ, ապա նա պետության կամ հանրային իշխանության ոլորտում վարձու աշխատող է, ոչ ավելին:

Որ մեր չինովնիկները շատ տարբեր են ու միաժամանակ իրար բավական նման, փաստ է: Որ նրանց մեջ կան սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչներ՝ դրանից բխող ֆինանսական ու նյութական ապահովվածության տարբեր ցենզերով, հանրային ճանաչելության ու տարբեր գործընթացներում ազդեցության տարբեր մակարդակով, նույնպես իրողություն է: Որ այդ դասի մեջ կան կաշառակերներ և ազնիվ աշխատողներ, մասնագետներ և իրենց գործից գաղափար չունեցողներ, դա էլ է փաստ: Մի խոսքով, իրենց շատ են ու տարբեր:

24 տարվա հանրային ընկալման և, ինչու չէ, նաև իրականության մեջ «չինովնիկի» այնպիսի կերպար է ձևավորվել, որն իրականում որևէ կապ չպետք է ունենա պետ. ծառայողի իրական կերպարի հետ, ու հանրության մի բավական զգալի շերտը, ամեն օր քննադատելով հենց այդ կերպարը, ցանկանում է, որ իր զավակը վաղը դառնա դրա կրողը: Չինովնիկական կաստայի խաղի կանոները երբեմն ստիպում, պարտադրում, պայմաններ են ստեղծում, որ այդ կաստայում առկա որակյալ փոքրամասնությունը, իսկ դա վստահորեն այսօր մենք ունենք, սկսի երբեմն իր կամքից անկախ փոփոխվել: Միգուցե սա անխուսափելի սոցիալ-հոգեբանական գործընթաց է, չգիտեմ:

Այսօր ՀՀ-ի ամենատարբեր ԲՈւՀ-երում կառավարման, քաղաքագիտության, ֆինանսական կառավարման և նմանօրինակ ֆակուլտետներն ամեն տարի տալիս են բազմաթիվ շրջանավարտներ, որոնք վաղը դառնալու են «չինովնիկ»: Ու ի՞նչ «օրինակելի» մոդել են նրանք իրենց առջև ունենալու, ի՞նչ կողմնորոշիչ վարքաձև...

Առկա խաղի կանոները ստիպում են, որ նորավարտ երիտասարդ «մասնագետը» կամ կողմնորոշվի եղածի մեջ՝ դառնալով նրանցից հերթականը, կամ երկրից դուրս գա՝ իր համար առավել հարմար ու ընդունելի պայմաններով աշխատանք ու կենսակերպ ունենալու համար: Դժբախտաբար, շատ լավ, տաղանդավոր, լուսավոր «երեխեք» ընտրում են երկրորդ տարբերակը: Դուք կասեք՝ դա ողբերգություն չէ, սակայն ի՞նչ ենք ունենում այս ամենի արդյունքում՝ թույլ և անարդյունավետ պետություն, սեգմենտար ու անորոշ հասարակություն, անպաշտպան ու դժգոհ քաղաքացի:

Հա, մի բան էլ` պատերազմը դեռ չի ավարտվել... «а кадры решают все»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել