Ստյոպա Սաֆարյանի հետ նախկին աշխատանքիս բերումով և հետագայում մեր ունեցած քաղաքական հայացքների տարաձայնությամբ պայմանավորված՝ մշտապես հակադրվել և մեղմ ասած անհամաձայնություններ ենք ունեցել: Սակայն առավոտյան լսեցի նրա՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը և վերջապես նրա հետ համաձայն եմ… Մեր հայացքները, կանխատեսումները, կարծիքները վերջապես համընկան…
Այո՛, համաձայն եմ Ստյոպա Սաֆարյանի հետ` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը հզոր քաղաքական շարժման չի վերածվի: Այսպես կոչված «Ոչ»-ի շարժման ճամբարը չունի տեսանելի, իրական մարտավարություն, մարդկային ու ֆինանսական լուրջ ռեսուրսներ և, բնականաբար, վարչական լծակներ:
Իհարկե, ես արդեն այդ մասին մի քանի անգամ ասել եմ` չունեն ռեսուրսներ, ունեն ընդամենը ջախջախված, քայքայված, բարոյալքված, երբեմնի փոքրիշատե հեղինակությունը կորցրած, մանր-մունր մարդ-կուսակցություններով համալրված, անխտիր ամենքին ու ամեն ինչին հայհոյելու գործում վարպետացած, այն կատաղության ու հոգեխանգարմունքի աստիճանի հասցրած, մշտնջենական կատաղության էքստազի վերաճած, գրգռափուլում գտնվող ուժեր…Պարզունակ, հնացած, անիմաստ, ձանձրացնող, կրկնվող ու չհասկացվող, անհետաքրքիր մարտավարություն:
Նրանց մնում է միայն տեղադրել իրենց հին` շատ հին ձայնապնակը նույնքան հին իրենց նվագարկչի` պատեֆոնի վրա և լսել հին օրերի երգն ընտրակեղծիքների ու «հնարավոր» խախտումների մասին…
Բայց դա չի նշանակում, որ «Այո»-ի շտաբը, նրանց կողմնակիցները պետք է հանգստանան ու ինքնաբավ չնկատեն նաև քաղաքացիների մի ստվար զանգվածի դժգոհություններն ու սոցիալական անբավարար, անմխիթար վիճակը: Ընդհակառակը, պետք է այս ընթացքում և հանրաքվեից հետո լուրջ ու տեսանելի քայլեր կատարեն իրավիճակի բարելավման ուղղությամբ: Այլապես խորհրդարանական հերթական ընտրություններին անակնկալ զարգացումներ, քաղաքացիական հնարավոր շարժումներ կլինեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել