Թերթն անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի  շուրջ ծավալված բուռն քննարկումներին՝ ներկայացնելով հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ: Վերջինս երեկ խիստ քննադատության էր ենթարկել ՄԻՊ զեկույցը՝ մատնանշելով դրանում առկա թերությունները:

-Դուք փաստեցիք, որ Հայաստանի  ՄԻ պաշտպանը չունի հեղինակություն: Ո՞րն է Ձեր այդ տեսակետի պատճառը:

-Ոչ միայն չունի, այլև պարոն Անդրեասյանը մսխել է այն հեղինակությունը, որ լավ թե վատ, կաթիլ առ կաթիլ  փորձ էր արվել ստեղծել մյուս պաշտպանների կողմից: Քաղաքական իշխանությունը օմբուդսմենին համարում է անլուրջ, քաղաքական ընդդիմությունը համարում է անլուրջ, քաղաքացիական հասարակությունը, այսինքն` հասարակական կազմակերպությունները, որոնք տասնամյակներով մասնագիտացել են իրենց ոլորտներում, նրան համարում են անլուրջ: Հասարակությունը ընդհանրապես տեղեկացված չէ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասին:

-Պարոն Ֆարմանյան, իսկ ինչո՞ւ մինչև զեկույցը Դուք որևէ անգամ ելույթ չեք ունեցել՝ ասելու համար, որ Կարեն Անդրեասյանը փչացնում է ՄԻ պաշտպանի ինստիտուտի հեղինակությունը:

-Պետք է ասեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ տեսակետ հայտնելու միակ և լավագույն առիթը տարեկան զեկույցի քննարկումն է: Իսկ իմ ասածները ընդունել կամ չընդունելու համար ուղղակի պետք է կարդալ 560 էջանոց զեկույցը: Այնտեղ ծիծաղելի բաների կհանդիպեք: Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք մի հանգամանքի վրա՝ զեկույցի մեջ անվերջ հղումներ են: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը պետք է հիմք ծառայի միջազգային կառույցների համար, այլ ոչ թե հակառակը: Եթե զեկույցի հեղինակը լուրջ մարդ լիներ, նրան կարելի էր նշանակել նաև սոցիալական հարցերի նախարար: Զեկույցում նշվում է, որ սահմանին հատուկ սարքավորումներ պետք է տեղադրեն, այ քեզ աշխարհացունց  հայտարարություն՝ պետական միջոցները քամուն տալ:  

-Ձեր ելույթից անմիջապես հետո ոմանք խոսում էին, թե թերևս դուք եք լինելու Հայաստանի հաջորդ ՄԻ պաշտպանը, կա՞ նման հավանականություն:

-Ես հուսով եմ, որ այդքան անլուրջ մարդու տպավորություն երբեք չեմ թողել, որ լինելով մասնագիտությամբ պատմաբան, երբևէ նման հավակնություն չեմ ունեցել: Ընդհանրապես դա ինձանից հազարավոր կիլոմետրերով հեռու է՝ հիմա հետագայում և երբևէ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել