Օրեր առաջ Հայաստանը և Եվրամիությունը հայտնեցին նոր համաձայնագրի շուրջ քննարկումների վերսկսման մասին: Փաստաթղթում նշվում է, որ Եվրամիությունը լի է վճռականությամբ՝ շարունակել և խորացնել համապարփակ համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր փոխշահավետ ոլորտներում «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում:

Հայաստանը, ինչպես հայտնի է, շահագրգռված է եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ համագործակցության և երկխոսության նոր մակարդակի ձևավորման հարցում, և տարիներ շարունակ այդ ուղղությամբ էր կառուցում իր արտաքին քաղաքականությունը: Հայաստանի և ԵՄ ասոցացման շուրջ բանակցությունների մեկնարկը դեռ 2010 թվականին էր, իսկ երկու տարի անց համաձայնագրի շրջանակներում բանակցություններ սկսվեցին խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ:

Սակայն 2013 թվականին փոխելով «շարժման ուղղությունը»՝ Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Եվրամիությունը, ի պատասխան, հայտնեց, որ ասոցացման համաձայնագրի ստորագրումը նախկին ձևաչափով այլևս հնարավոր չէ, թեպետ մեր իշխանությունները հույս ունեին գտնել երկու միջազգային կառույցների հետ միաժամանակ համագործակցության և ինտեգրման եզրերը: 
Նոր համաձայնագիրը, ըստ էության, կոչված է լինելու այն փոխզիջումային փաստաթուղթը, որն իր մեջ կներառի «և…և…» քաղաքականության իրավական բազան: 
Ի դեպ, Խորհրդի որոշման մեջ նշվում է, որ նախատեսվող համաձայնությունը կլինի համապարփակ և իրավաբանորեն պարտավորեցնող: Իսկ դա նշանակում է, որ բարեհաջող բանակցությունների արդյունքում Հայաստանը կանդամակցի ևս մի վերազգային կամ վերպետական միջազգային կազմակերպության: Բանակցությունների պաշտոնական սկիզբը նախատեսվում է մինչև տարվա վերջ: 
Իսկ մինչ այդ Հայաստանի համար սպասվում է մեկ այլ կարևորագույն իրադարձություն՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որը կկանխորոշի երկրի հետագա զարգացման ճակատագիրը: Սահմանադրության նախագծի 205-րդ հոդվածը սահմանում է վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերի լուծումը հանրաքվեի միջոցով:

Այսինքն, այն դեպքում, եթե սահմանադրության նախագիծը ստանա ժողովրդի վստահության քվեն և դառնա օրենք, այևս Հայաստանի հետագա ճակատագիրը՝ ում հետ հարաբերություններ կառուցել և ինչ ուղղությամբ շարժվել, կկանխորոշվի ժողովրդի կողմից կամքի արտահայտման միջոցով, և «անակնկալները», ինչպես օրինակ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ եղավ, հնարավոր չի լինի: 
Նշեմ, որ սահմանադրության նախագծի 109 հոդվածը նախատեսում է նաև քաղաքացիների կողմից օրենսդրական նախաձեռնության իրավունք, որն իրագործելու համար նախատեսվում է հանրաքվե անցկացնելու մեխանիզմ: 
Անշուշտ, դա ժողովրդավարության դրսևորման միջազգային չափանիշներին համապատասխանող մոտեցում է, որը թեպետ բավականին ծախսատար է:

Նշեմ, որ հոկտեմբերի 15-ի կառավարության որոշմամբ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 մլրդ 576մլն 209.5 հազար դրամ և 210 մլն 550.4 հազար դրամ՝ ՀՀ ոստիկանությանը:

Մոտավոր այդքան կարժենա հաճախակի դարձող հանրաքվեների անցկացումը: Բայց դե «այո» կամ «ոչ» ասելուց առաջ պետք է հստակ որոշենք, որ մոտեցումն է ավելի ընդունելի մեզ համար՝ հանրաքվեների միջոցով արտահայտել մեր կամքը և մասնակցություն ունենալ երկրի ապագայի հարցում, թե թողել միանձնյա կամ, լավագույն դեպքում, մի խումբ պաշտոնյաների հայեցողությանը կարևորագույն որոշումներ կայացնելու լիազորությունը և կուլիսների ետևում «փնթփնթալ», որ «երկիրը երկիր չի» կամ «ինչ ուզում են՝ անում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել