Գիտե՞ք՝ ովքեր են ինձ զարմացնում և միաժամանակ խիստ զայրացնում… Թունդ, շատ թունդ` ես կասեի մոլի ազգայնականները, իրենց հայրենասեր, հայասեր, հայ ազգի նվիրյալ ներկայացնողները, որոնք գրում, մեկնաբանում են լատինատառով, կիրիլիցայով, շատ հաճախ անգրագետ` խիստ անգրագետ, փողոցային բառապաշարով «համեմված» հայերենով:
Ազգասերը` ազգին, նրա ժողովրդին, հայրենիքին նվիրյալ ներկայացողը, առաջին հերթին պետք է նաև պայքարի իր լեզվի մաքրության, անաղարտության համար, իմանա իր ազգի, իր հայրենիքի պատմությունը, արվեստն ու գրականությունը… Գոնե տանելի, գոնե հանրամատչելի մակարդակով…
Իր մայրենի լեզուն չիմանալն ու հայրենասիրության մասին խոսելը նույնն է, թե ձայն չունենալն ու փորձելը լավ երգիչ ներկայանալ, լավ երգիչ երևակայել…
Հայրենասերը նաև պետք է իր լեզվով գոնե հասկանալի, ընթեռնելի ու մտքերը տրամաբանական շարադրել իմանա:
Այսուհետ հայրենասիրությունից, ազգից, պետության ներքաղաքական կյանքի վերաբերյալ սրտաճմլիկ, «մտահոգ, խորը քաղաքագիտական» վերլուծություններ կատարելիս, ճոռոմ-ճոռոմ լատինատառ, կիրիլիցայով և շուկայական լեքսիկոնով գրառումներ կատարելիս հիշեք այդ մասին և ձեր հայրենասիրական մեծ պաթոսից և էներգիայից մի փոքր չափաբաժին էլ հատկացրեք ձեր մայրենի լեզվի, գրականության ու պատմության ուսումնասիրությանը:
Ողջ եղեք և ողջամիտ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել