Աշխարհում վիճակը բավական խառն է: Մինչ նրա մի մասը զբաղված է «սիրիական» ճգնաժամով, իսկ մյուս մասը՝ այդ ճգնաժամի «փորձագիտական» վերլուծությամբ, մեր «ռազմավարական դաշնակիցը» և մեր թշնամի հարևանը հանգիստ, առանց ավելորդ աղմուկի շարունակում են իրագործել զենքի առևտրի՝ նախկինում կնքված պայմանագրերը՝ միգուցե պատրաստվելով նորերին: Այս մասին մեզ հայտնում են ՄԱԿ սովորական սպառազինության ռեգիստրի ՌԴ-ի՝ 2014թ.-ի մասով ներկայացրած տվյալները: Դիցուք. ըստ ներկայացված տվյալների՝ Ադրբեջանը մեկ տարում Ռուսաստանից ստացել է 65 տանկ, 78 միավոր այլ զրահատեխնիկա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանի (100 մմ մեծ տրամաչափով հաուբիցներ, հրանոթներ, ականանետեր): Հայաստանի մասով նշյալ ժամանակահատվածում տվյալներ ներկայացված չեն: Հիշեցնենք, որ 2013-ին ՌԴ-ն Ադրբեջան է առաքել 10 տանկ, 10 միավոր զրահատեխնիկա, 438 միավոր հրետանի, 25 ուղղաթիռ: 2013-ին Հայաստան է առաքվել 50 շարժական զենիթահրթիռային համակարգ և դրանց համար նախատեսված 200 հրթիռ, 35 տանկ, 110 միավոր այլ զրահատեխնիկա:

Կարող եք ասել, թե սա արդեն վաղուց նորություն չէ: Տպավորություն է, թե մի տեսակ «իմունիտետ ունենք» նման գործարքների նկատմամբ: Ավելին՝ երկրի ԱԳՆ նախարարն ու ՀՀ նախագահը մի քանի անգամ արդեն արձագանքել են ՌԴ-ի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության նման քայլերին: Սակայն այս պարագայում խնդիրը ոչ թե որակումների կամ քննադատության մեջ է, այլ նրա մեջ, թե ՀՀ-ն որպես հակաքայլ ի՞նչ կարող է և ի՞նչ պետք է ձեռնարկի, հակաքայլերը որքանո՞վ են նպատակահարմար… Մի խոսքով, բարդ իրավիճակ է:

Մյուս կողմից՝ «սիրում» եք դուք Ռուսաստանը, թե նրա սուր քննադատն ենք, կարևոր չէ. կարևորն այն է, որ այսօր ՌԴ-ն ՀՀ անվտանգության ապահովման մեջ լրջագույն դերակատարում ունի: Ոչ թե բառերով, ամպագոռգոռ հայտարարություններով, այլ ամենօրյա համատեղ օպերատիվ աշխատանքով, անվտանգության ապահովման քայլերով:

Եթե «զենք վաճառելու» հարցադրմանը նայենք ոչ թե տնտեսական կամ զուտ ռազմական տեսանկյունից, այլ ավելի լայն՝ ՌԴ-ի աշխարհաքաղաքական տիրապետման զինանոցի ու միջոցների դիտակետից, ապա կարող ենք ֆիքսել առնվազն մի քանի իրողություն, որոնք ինչ-որ առումով մեկնաբանում են Մոսկվայի նման պահվածքը. 
- Զենք վաճառելով հարևանին՝ նա գործնականում ռեալ ազդեցություն է ձեռք բերում այդ հարևանի քաղաքականության վրա։
- Այսօր ՌԴ-ն մակրոտարածաշրջանում, մի շարք օբյեկտիվ գործոններից ելնելով, չի տիրապետում արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական ազդեցության իրականացման տարաբնույթ զինանոցի: Եղած սուղ ռեսուրսների մեջ ռազմաքաղաքականին առանցքային դերակատարում է տրվում։
- Ղարաբաղի, Մերձդնեստրի, Դոնեցկ/Լուգանսկի, նախկինում՝ Աբխազիա/Հվ.Օսիայի հիմնախնդիրները պայմաններ են ստեղծում ՌԴ-ի՝ այդ խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև այդ ռեգիոններում անփոխարինելիության համար։
- «Եվրասիա» կոչվող տարածաշրջանում սա հնարավորություն է առավել տարածել սեփական ազդեցությունը՝ միգուցե հետագա գլոբալ հավակնությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել