— Բա մեր պապերի ադաթն ու դրվածքը… խելոք էին էլի մեր պապերը… մեր պապերի խելքը որ ունենայի՜նք...

Խելոք էի՞ն։

Պապերի հատկապես ո՞ր սերունդն էր ավելի խելոք։ Ո՞ր դարի «վիպուսկը»։ Նրա՞նք, որ թատրոն էին խաղում, երբ էսօրվա եվրոպացիքի պապերը դեռ ծառերի վրա էին ապրում, թե՞ նրանք, որ Կիլիկիայում Հայաստանի «ֆիլիալը» բացեցին… գուցե նրա՞նք, որ Հայաստանը մի ծովից հասցրին մինչև մյուսը, կամ նրա՞նք, որ կարմիր խնձորի ադաթին ֆորմալ ձևակերպում տվեցին՝ հաջորդ սերունդների բարոյական կերպարը ամուր պահելու համար… Չեմ հեգնում, ազնիվ խոսք… ուղղակի գրավոր մտածում եմ՝ ո՞րն է սերունդների հավաքական խելքի գնահատման չափանիշը։

Ինչո՞ւ է միշտ համարվել, որ մեր նախնիները մեզնից խելոք են եղել։ Այսինքն, տրամաբանությունը հուշում է, որ մեր սերուդն էլ, որ «պապերի սերունդ» պիտի համարվի մեր «թոռների սերունդների» համար, վերջիններիցս ավելի խելո՞ք է։ Մեր էսօրվա ադաթները, հետևաբար, մեր հաջորդների համար օրինակելի՞ պիտի համարվեն։ Տան գրավի դիմաց վարկով արած հարսանիքներին տասը ձյան պես ճերմակ ու տասը սաթի պես սև «յաշիկներով», անխնա պիբիփ տալով «գանյատ անելը» թոռների յուրաքանչյուր սերնդի համար պիտի պապական քաղցր ավանդու՞յթ համարվի։ Ընտրաքվեն 5000 դրամով ծախելը հարսի դեմը կտրելու կամ կոշիկը գողանալու պես գեղեցիկ ադա՞թ։ Անցավորների գերեզմանի վրա Թութանհամոնին արժանի դամբարան կառուցե՞լը, երբ երեխեքի ուսման վարձի գումարը չի հավաքվում։ 3042 թվականին Հայաստանի Հանրապետության (թու, թու, թու…) քաղաքացին ֆեյսբուքում, կամ ավելի շուտ՝ ադնակլասսնիկում մտքի ուժի օգնությամբ հնարավո՞ր է ստատուս ձևակերպի, թե «ara es INCH EQ ANUM MER PAPERI MSHAKUYTI HET... ara, mer paperi vakhtov Armenchiki pes metsutyunnern ein petakan bardzr gnahatakani arjananum, voch te srants pes jutak-mutak kokoghner@... petutyun er, e...», կամ էդ վախտվա Բլոգնյուզը առաջին էջին 5D տեքստով վերնագիր կտա՞, թե՝ «Սպ. Հայկոյի անվան պետական ակարդիոնա-դհոլային քառյակը Հայաստանի VIII հանրապետության 100-ամյակի կապակցությամբ հանդես կգա տոնական համերգով։ Տոմսերի համար դիմեք ք.Տաշիր, Շմայսի 8, իսկ մարզերի բնակիչները կարող են դիմել համապատասխան մարզպետարանների մշակութային բաժիններ»։

...Աֆրիկացի ցեղեր կան, որ իրենց պապերի ավանդույթները էնպես լավ էլ պահում են. տեսած կլինեք է. էն, որ ներքևի շրթունքներին ճաշի ամանների չափ դիսկեր են ճխտում, կամ էն մեկելները, որ կնկտանց վզներին էնքան օղակներ են հագցնում, մինչև վիզը կես մետրի երկարի։ Բա ինչի՞ մենք էլ մեր՝ էդ կարգի հին պապական ավանդույթներն անտեսում ու էս՝ համեմատաբար «թազա» պապերի ավանդույթներն ենք ամեն քայլի վկայակոչում (էն էլ՝ ընտրովի), թե, տեսե՛ք՝ ի՜նչ խելոք են եղել, ի՜նչ լավն են եղել իրենց ընտանեկան ու կենցաղային դրվածքները։ Ո՞նց ենք որոշել, թե հենց էդ «թազա» պապերն են խելոքը։ Գուցե ավելի հայեցի է կրակը կայծքարներն իրար խփելով ստանալ։ Մեր պապերը մի քանի հարյուր հազար տարի էդպես էն վարվել։ Իսկ էս ժաժիգակա-մաժիգալկան թազա օտարածին զրթիկներ են. համեմատաբար վերջերս են հնարվել։ Բա ամոթ չի՞։

Ես մի տեսակ չեմ ուզում, որ մեր պապերը մեզնից խելոք լինեն… այսինքն մենք՝ մեր պապերից անխելք։ Որ մեր երեխեքն էլ մեզնից անխելք չլինեն։ Առնվազն։ Որ հասարակությունն առաջ գնա, ոչ թե հետ։ Որ ավանդույթները առաջ տանեն, ոչ թե տեղում պահեն։ Որ հետ նայենք՝ հնով հիանալու, ոչ թե դրանով արհեստական սահմանափակումներ սահմանելու համար։

Գլխիս մի խփեք, հիմա սոված փորիս բան էր, գրեցի… թե չէ ես էլ դեմ եմ, որ տղեն տղի հետ պսակվի։ Դա ավանդույթի պահպանման տիրույթին պատկանող հարց չի, ըստ իս։ Բայց սա արդեն ուրիշ գրառման թեմա է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել