Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, ում հասցեին բազմիցս մեղադրանքներ են հնչեցվել իրաքյան պատերազմի համար, ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ներողություն է խնդրել այդ պատերազմում թույլ տրված սխալների համար։
«Իհարկե, սխալ կլինի ասել, որ մենք, 2003թ. տապալելով Հուսեյնին, որևէ պատասխանատվություն չենք կրում 2015թ. ստեղծված իրավիճակի համար»,-ասել է նախկին վարչապետը միաժամանակ ընդունելով, որ իրաքյան պատերազմում թույլ տված սխալները հանգեցրել են ներկայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջընթացին:
Այսինքն ի՞նչ կարելի է հասկանալ այս ապաշխարությունից: Տեսնենք թե ինչ չարիքներ բերեց Մերձավոր Արևելքին և ամբողջ աշխարհին անգլո-ամերիկյան տանդեմի գործողությունները Իրաքում: Իրենց նավթային և աշխարհաքաղաքական պահանջները բավարարելու համար, նրանք անհիմն մեղադրանքների վրա հիմնվելով ռազմական ներխուժում իրականացրեցին Իրաք, որի արդյունքում քանդվեց ամբողջ երկիրն ու տնտեսություն, Իրաքը մի քանի տասնամյակներով հետ շպրտվեց դեպի ետ, սպանվեցին միլիոնավոր մարդիկ, թե իրաքյան կողմից և թե բազում ամերիկացի զինվորներ, որոնց մանկության երազանքը չի եղել ամերիկյան մի քանի «խելոքների» աշխարհաքաղաքական խաղերի համար զոհվել իրենց հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու: Եվ սա դեռ սկիզբն էր: Այնուհետև ամերիկացիները որոշեցին «դեմոկրատիա» տարածել Իրաքում, որը երեսով շրջվեց հենց իրենց: Երկրում ստեղծվեց անկայունություն, որի արդյունքում գրեթե ամեն օր տեղի էին ունենում ահաբեկչություններ և արյունալի բախումներ շիաների ու սուննիների միջև: Ապա ի հայտ եկավ Իսլամական պետությունը, որի ստեղծման մեջ անգլո-ամերիկյան մեղավորության մասին չարժե երկար խոսել, որովհետև դա ընդունում է հենց Մեծ Բրիտանիայի նախկին պրիմիերը:
Իհարկե դրական կարելի է արձագանքել, որ քաղաքական գործիչը ի տարբերություն շատ այլ գործիչների ընդունում է իր մեղքը և անկեղծ հայտարարում դրա մասին, բայց սա հասարակ կենցաղային սխալ չէ, որի արդյունքը այդքան էլ անդառնալի չի լինում: Սա քաղաքականություն է, սրանք միջազգային հարաբերություններ են, և երկրների առաջնորդները ամեն քայլ անելուց առաջ պարտավոր են 1000 անգամ մտածել նոր ապա անել այդ քայլը: 1000 անգամ չափել-ձևել ապա նոր կտրել, կանխորոշել իրենց քայլերի հետագա արդյունքները և դրանց անդրադարձը ժողովրդի և մարդկության վրա:
Վառ օրինակը հենց սա է, թե ինչի կարող է հանգեցնել քաղաքական գործիչների սխալ մտածված քայլը. միլիոնավոր զոհեր և տասնամյակներով անկայուն վիճակ տարածաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել