Հոկտեմբերի 26-28-ին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

– Պարոն Մելիքյան, վաղը սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Ի՞նչ կարելի է սպասել այս այցից։

– Միանգամայն հավանական եմ համարում, որ համանախագահները կարող են հանդես գալ նոր առաջարկներով: Ընդ որում՝ աշխարհաքաղաքական զարգացումներն այնպիսի ընթացք են ստացել, որ այդ առաջարկները կարող են ներկայացվել ոչ թե բոլոր համանախագահ երկրների փոխհամաձայնության հիման վրա, այլ որպես ռուսական, ֆրանսիական կամ ամերիկյան առանձին նախաձեռնություն: Մինչ այժմ համանախագահները նախ` փակ ռեժիմով համատեղ մշակում և փոխհամաձայնեցնում էին հակամարտ կողմերի դատին ներկայացվելիք առաջարկները, ապա դրանք տրամադրում ՀՀ, ԱՀ և ԼՂՀ իշխանություններին: Գուցե առաջարկների ներկայացման նոր մեթոդաբանությունն ավելի արդյունավետ լինի:

– Համանախագահների այցի նպատակներից մեկն էլ Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպումն է։ Այդ հանդիպումը ի՞նչ կտա բանակցային գործընթացին։

– Այդ պարբերական հանդիպումները բանակցային գործընթացը կենդանի պահելու միջոց են և վկայությունն այն բանի, որ Ադրբեջանն ու Հայաստանը պատշաճ հարգանքով են վերաբերվում համանախագահ երկրների կողմից մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ գործադրած ջանքերին: Այդ կարգի հանդիպումներն ապահովում են բանակցային գործընթացի շարունակականությունը:

– Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ առաջիկայում որևէ միջանկյալ փաստաթուղթ կստորագրվի։

– Ինչ-որ հիմնարար փաստաթղթի ստորագրումն առաջիկայում քիչ հավանական եմ համարում՝ եղած բանակցային օրակարգը չի պարունակում դրա համար անհրաժեշտ նախադրյալները:

– Այսօր հասել ենք մի իրավիճակի, որ նույնիսկ չենք կարողանում Ադրբեջանին ստիպել հրադադարի ռեժիմը պահպանել։ Կարո՞ղ ենք ասել, որ այս փուլում գոնե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը սահմանափակվում է միայն հրադադարի ռեժիմը պահպանելուն միտված բանակցություններով։

– Հայկական կողմերի քաղաքական ու դիվանագիտական ակտիվության առկա մակարդակն այլ բան չի նախատեսում: Ճակատային գծում իրավիճակը բարելավելու համար պաշտոնական Երևանը պետք է լուրջ հաջողությունների հասնի դիվանագիտական ճակատում, իսկ դրա համար նախ անհրաժեշտ է լինելու սեփական քաղաքական մոտեցումներում լուրջ վերանայումներ կատարել: Իրավիճակում դրական փոփոխությունների հասնելու հնարավորություն կա, այլ հարց է, թե արդյոք ՀՀ գործող իշխանությունն ունակ կլինի կատարել դրա համար անհրաժեշտ գործողությունները:

– Իսկ, ըստ Ձեզ, Հայաստանի իշխանությունը ունակ կլինի՞ կատարել այդ անհրաժեշտ գործողությունները:

– Այդ հարցի պատասխանը միայն ժամանակը կտա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել