Lragir.am-ը գրում է․
Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը կրկին գնդակոծել է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը: Վաղը Երեւան են ժամանելու Մինսկի խմբի համանախագահները, եւ Ադրբեջանն իր սովորության համաձայն՝ այցի նախօրեին լարել է իրավիճակը:

Հայաստանի սահմանին լարվածության նախորդ փուլը տեղի ունեցավ մեկ ամիս առաջ, որին զոհ գնացին խաղաղ բնակիչներ: Դա աննախադեպ իրավիճակ էր, եւ համընկավ Ռուսաստանի ակտիվության հետ, որը գեներացնում էր Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական «խաղաղարարների» տեղակայման մտադրությունը: Այդ գաղափարին կոշտ արձագանքեցին Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան:

Սեպտեմբերի լարմանը հետեւեցին Մինսկի խմբի, շահագրգիռ երկրների եւ նույնիսկ ՀԱՊԿ-ի հայտարարությունները, որոնցում հետաքրքրիր նրբերանգ էր պարունակվում: «Հավասարության նշան» դնելով հակամարտ կողմերի միջեւ, միեւնույն ժամանակ դրանցում յուրատեսակ «քարտ-բլանշ» էր տրվում հայկական կողմին՝ ադրբեջանական ոտնձգությունների խնդիրը լուծելու համար, ակնարկելով, որ Հայաստանը կարող է եւ պարտավոր է լուծել այդ խնդիրը:

Այս ֆոնին, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հանդես եկավ մի քանի կոշտ հայտարարություններով, որոնց իմաստը Ադրբեջանի ոտնձգությունների դեմ հստակ ու կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունն էր: Թվում էր հայկական կողմը հասկացել էր այս հանգամանքը, եւ հույս կար, որ կլինեն համարժեք քայլեր:

Սակայն, ցավոք, իրականացան այն տեսակետները, որ բանը հայտարարություններից այն կողմ չի անցնելու: Երեկվա սահմանային հրետակոծությունը դրա հետեւանքն էր: Ադրբեջանի հրետակոծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը չի լուծել իր խնդիրը, չի կատարել իր միջազգային «պարտավորությունը»: Եվ համանախագահների այցից առաջ այս հանգամանքը ծանր հարված է Հայաստանի դիրքերին՝ որպես պետություն եւ անվտանգության ստեղծող:

Ինչի՞ վրա է հույսը դրել Հայաստանի ղեկավարությունը: Միջազգային կարեկցանքի՞, որ մեզ կպաշտպանե՞ն, որ Ադրբեջանի «հանցավոր դեմքը կպատռվի՞»: Ռուսաստա՞նը չի թողել: Սա քաղաքականություն չէ: Սա խնդիրներից փախչելու ձեւ է, այդ պատասխանատվությունն ուրիշների վրա գցելու փորձ:

Միջազգային ժամանակակից զարգացումները ցույց տվեցին, որ ոչ ոք չի պատրաստվում ստանձնել այլոց պատասխանատվությունը: Բոլորին առաջարկվում է ինքնուրույն լուծել սեփական խնդիրները եւ մասնակցել միջազգային խնդիրների լուծմանը: Իսկ խնդիրները լուծվելու են նրանց հաշվին, ովքեր փախչում են քաղաքականությունից ու պատասխանատվությունից:

Դա է ներկայիս միջազգային քաղաքականության տրենդը: Հայաստանը չի կատարել միջազգային քաղաքականության իր բաժինը՝ չի ապահովել անվտանգությունն իր սահմանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել