Lragir.am-ը գրում է․
«Պարտավո՞ր է արդյոք հայը «յան» վերջավորությամբ ազգանուն կրել։ Արդյոք դա զուգահեռը չէ՞ հրեաներից նացիստների պահանջի՝ դեղին աստղ կրել հագուստին»։
Սա մեջբերում է «Յան» վերջավորությունը արտոնությա՞ն, թե՞ պարտականության նշան է» հոդվածից, որը հրապարակել է ռուսալեզու «Հյուսիսափայլ» առցանց պարբերականը։
Ըստ հոդվածագրի, «Հայաստանում հարկադրաբար ռուսական վերջավորությամբ ազգանունները փոխում են «յան»-ով՝ բացատրելով դա ազգային ինքնության պահանջով»։
Ինչու՞ է հոդվածագրին տանջում այս հարցը։
«Սփյուռքահայերի համար դա բիզնեսի հաջողակության, աշխատանքի տեղավորման, վաստակի անաչառ գնահատման, «յան» վերջավորության հանդեպ պետական կառույցների կողմից կիսաթշնամական վերաբերմունքից խուսափելու, խառը դպրոցներում սովորող երեխաների անվտանգության հարց է, և շատ-շատ մանր խնդիրներ հաղթահարվում են, եթե քո ազգանունը Ռուսաստանում չի կրում «յան» վերջավորությունը»։
Լավ է, որ հոդվածագիրը սփյուռքի մասին մտահոգությունը ի վերջո տեղայնացնում-սահմանափակում է Ռուսաստանով, քանի որ աշխարհի շատ երկրներում  ազգանվան վերջավորությունը որևէ դեր չի խաղում, իսկ, դիցուք, Լատինական Ամերիկայի որոշ պետություններում «յան» վերջավորությունը, ընդհակառակը, կարող է դրական տրամադրվածություն հարուցել տվյալ մարդու հանդեպ։
Այնուհանդերձ, մնում է անհասկանալի՝ իսկ ի՞նչ է Ռուսաստանում պատահելու հետագայում տվյալ անձի հետ, որի ազգանունը ի սկզբանե «…յան» չէ, կամ եղել է «…յան», նա փոխել է «…ով»-ի, չէ որ, ըստ ամենայնի, հայկական է նրա անունը (կամ էլ Արթուր է, Ռոբերտ, Սերժ, Էդվարդ է, որ նույնպես հիմնականում հայկական ծագում են ենթադրում)։
Փոխելու է նաև անու՞նը։ Իսկ հաջորդ քայլը՝ փոխել հայրանու՞նը. ախր ՌԴ-ում բոլորն իրար անուն-հայրանունով են դիմում՝ ռուսների լեզուները կոտրվում է հայկական հայրանուններ արտաբերելիս։
Բա մաշկի գու՞յնը… մարմնի համապատասխան մասում, որ черножопый չասեն։ Թեև դրա փորձն էլ կա, Մայքլ Ջեքսոնը արեց, բայց առողջության համար վտանգավոր է ու ահագին թանկ, այսինքն, պետք է նախ հաջողության, հարստության հասնել… Որի համար էլ փոխելու էիր մաշկդ։
«Ահեղ իրադարձությունները նշանակալի համաղետներ են կանխագուշակում Եվրասիայի տարածքում, հույսը, որ մեզ կհաջողվի փրկվել, կարող է պատրանքային լինել. պետք է ամրապնդվել և ավելի իմաստուն դառնալ»,- կոչ է անում է հոդվածագիրը։
Իհարկե, պետք է սրտանց ցանկանալ, որ Եվրասիայի տարածքում բոլորս փրկվենք, բայց հնարավո՞ր է դա անել շուռ տված տրամաբանությամբ։ Ռուսները խտրականություն են ցուցաբերում հայերի նկատմամբ, «ռուսական «Պերեց» հեռուստատեսային ալիքը ամեն օր ծաղր ու ծանակի է ենթարկում «բայան-բաբայաններին»՝ նրանց վերագրելով անդուր հատկություններ», իսկ «Հյուսիսափայլը» նացիզմ է տեսնում հայերին հայկական ազգանուն կրելու պահանջ ներկայացնելու մեջ (ի դեպ, այդ պահանջի, առավել ևս պարտադրանքի մասին ինքս երբևէ չեմ լսել):
Հետաքրքիր է, տասնամյակներ շարունակ ինչո՞վ են զբաղվել ռուսահայ գաղութի երևելիները, որոնք քաղաքական հայտով պարբերաբար գալիս են Հայաստանը փրկելու, եթե Ռուսաստանում դեռ այդպիսի վերաբերմունք կա հայերի հանդեպ. ըստ վիճակագրության, վերջին 15 տարում ՌԴ-ում 20.000 դպրոց է փակվել, բացվել է 23.000 եկեղեցի՝ մի մասը երևի իրենք են սարքել։ Եվ ո՞րն է գալու հեռահար նպատակը՝ երևի թե մեր ազգանունները փոխել, որ ռուսների նյարդերի վրա չազդենք։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել