Ինձ համար իսկապես մտահոգիչ է, որ մեր հասարակության մեջ Հայաստանի ապագայի վերաբերյալ բանավեճ չկա:
Մենք համակերպվել ենք «Ռուսաստանը չի թողնի, որ սովից մեռնենք, կամ թույլ չի տա, որ թուրքերը մեզ ուտեն» դարավոր դոգմատիկ դարձած ընկալման հետ և չենք համարձակվում դուրս գալ այդ տեղապտույտից` վախենալով ինքնուրույնաբար ուրվագծել մեր պատմության վաղվա քարտեզը:
Մենք համառորեն հրաժարվում ենք ինքներս մեզ հետ ազնվորեն քննարկել պատերազմի Հայաստանի և խաղաղության Հայաստանի ընդհանրություններն ու տարբերությունները, մենք խիզախորեն վախենում ենք պատկերել խաղաղության Հայաստանի տեսլականը` մնալով պատերազմող երկրի սահմանափակ ամպլիտուդի մեջ…
Մինչև վերջ անկեղծ լինենք. մենք վախենում ենք խաղաղությունից և սովորել ենք պատերազմին, առանց թշնամու մենք չենք պատկերացնում մեր պետության և մեր երկրի ապագան…
Մենք անկասելի ոգևորությամբ վերլուծում ենք անցյալի դառնությունները, դառը պարտություններն ու կրած անհաջողություները` այդպես էլ որևէ դաս չքաղելով ապագայի համար, ավելին` մեր ապագան բացառապես դիտարկում ենք մեր անցյալի մեջ:
Մենք ինքներս մեզ դատապարտել ենք սպառող, ներմուծող, ուրիշի ստեղծածը մսխող հասարակություն դառնալուն և համակերպվել ենք, որ մեր ազգային «բրենդը» ևս հարյուր տարի շարունակելու է մնալ ցեղասպանված ազգի բարդույթը…
Մենք անձնվիրաբար սահմանափակում ենք մեր երիտասարդության ճախրը` «ոգևորելով» նրան տեղավորվել ու հերոսանալ «սոցիալական» ըմբոստության վանդակի մեջ:
Մենք ուղղափառի համառությամբ հրաժարվում ենք մեր առջև հավակնոտ գաղափարներ դնելուց և իրականացնելուց: 
Մենք իսկապես վախենում ենք ստեղծել մեր հավաքական երազը` մնալով այս ինքնախաբեության հրավառության մեջ…
Մենք վախենում ենք մտածել, որոշել և գործել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել