Էս վերջերս կրկին ակտիվացել է քաղաքական ժամկետանց մի ապրանք, որը բոլորիս հայտնի է որպես հավերժական նախագահացու Արամ Հարությունյան։ Ու աղմկում է մեր մշտնջենական 0,001 տոկոսանոց թեկնածուն, ընդվզում է սահմանադրական բարեփոխումների դեմ, ակտիվորեն ասուլիսներ է տալիս, բանավիճում է այլ քաղաքական գործիչների հետ, ընդդիմախոսական այնպիսի պոլեմիկա է տանում, որ մեր քաղաքական իրականությանն անծանոթ մեկը լսի՝ կմտածի, թե առաջին մեծության քաղաքան ֆիգուրի հետ գործ ունի։

Մինչդեռ, հիշեցնեմ, որ էս մարդն իր բոլոր մասնակցած ընտրություններին հավաքել է ավելի քիչ մարդու ձայն, քան նույնիսկ իր տնեցիների թիվն է... Այլ կերպ ասած, դասական քաղաքական բալվանկա է՝ փուչիկ, որի քաղաքական միակ գործառույթն ուշադրություն շեղելն է ու ավելի խոշոր քաղաքական ձկների համար ինչ-ինչ ծառայություններ մատուցելը։ Եվ զավեշտալին այն է, որ Արամ Հարությունյանի պարագայում ոչ մեկի համար գաղտնիք չէ ո՛չ նրա փուչիկ լինելը, ո՛չ էլ այն, որ ինքը ոչ թե զուտ փուչիկ է, այլ Հովիկ Աբրահամյանի փուչիկը, ով ասպարեզ է արձակում այս 0,001-անոցին ամեն անգամ, երբ իր գլխին ամպեր են կուտակվում։ Կարծես թե սա ոչ մեկի համար գաղտնիք չէ, բացի հենց Արամ Հարությունյանից ու նրա գործատու Հովիկ Աբրահամյանից։ 

Այսօր էլ մեր ֆեյք-պայքարողը հերթական անգամ մատուցվող ծառայությունների շրջանակներում էլի իր ծամած պլաստինկան էր միացրել Խոսրով Հարությունյանի դեմ բանավեճի ժամանակ։ Ամենազավեշտալին այն պահն էր, երբ Խոսրով Հարությունյանին ասում ա, որ վերջինս շատ հմուտ պաշտպանում է միաժամանակ բոլոր նախագահներին և Արթուր Բաղդասարյանից տարբերվում է միայն նրանով, որ դեռ չի հայտարարել իրեն ընդդիմադիր։

Սա, իրոք, զավեշտ է, որովհետև իր իսկ տրամաբանությամբ Արամ Հարությունյանն Արթուր Բաղդասարյանից ավելի քիչ է տարբերվում, քան Խոսրով Հարությունյանը, որովհետև ի տարբերություն Խոսրովի՝ ինքն իրեն հասցրել է հայտարարել ընդդիմադիր, բայց ի տարբերություն նույն Արթուր Բաղդասարյանի՝ Արամ Հարությունյանը ԵՐԲԵՔ չի վայելել գոնե մինիմալ ժողովրդականություն, ու վստահ եմ՝ ԵՐԲԵՔ չի էլ վայելի։ Պարզապես ծիծաղելին այն է, որ նա ընդդիմախոսներին էլ է հմտորեն ընտրում, և այնպես է ստացվում, որ երբ Արամ Հարությունյանը սկսում է դեմագոգիայով զբաղվել ու պոպուլիստական հայտարարություններ անել ռեժիմի, Սերժ Սարգսյանի, օլիգարխների և իշխանությունների վերարտադրության մասին, նրա ընդդիմախոսները նրա երեսին չեն ճպացնում Հովիկ Աբրահամյանի գործոնը։ Մի՞թե Հովիկ Աբրահամյանն այս ողջ ընթացքում չի եղել նույն այդ ռեժիմի անբաժանելի մասը և գլխավոր դերակատարներից մեկը, մի՞թե Հովիկ Աբրահամյանի անվան հետ չեն ասոցացվում բոլոր այն արատավոր կողմերը, որոնց մասին այդքան պաթետիկ աղաղակում է նրա ֆեյքը, ու մի՞թե Արամ Հարությունյանը դեմ է, որ Հովիկ Աբրահամյանն էլ «վերարտադրվի» իշխանությունների հետ։ Ընդհանրապես, հետաքրքիր կլինի լսել, թե ինչ ասելիք ունի «Սաշիկի 50 տոկոսն ամրագրելու» մասին տենց դուխով խոսող Արամ Հարությունյանը Հովիկ Աբրահամյանի մասին։

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, ապա մի տեսակ զարմանք է առաջացնում, թե ինչպես է երկրի երկրորդ մարդն այդքան միամտորեն հավատում, որ նման քաղաքական թափոններն ու ֆեյքերը կարող են որևէ կերպ դիվիդենտներ ապահովել իր համար, այն էլ՝ այս կերպ։ Զավեշտալի կլինի, եթե պարզվի, որ Աբրահամյանն իրոք չի հասկանում, թե ինչ ծիծաղելի է այս ամենը դիտելը կողքից, ու ինչ անհարմար դրության մեջ կհայտնվեն թե՛ ինքը, թե՛ իր ֆեյքը, եթե «ռեժիմը» թեկուզ կիսալուրջ, բայց որոշի հակազդել այս կլոունադային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել