Շատ մոտավոր հաշվարկներով, նախագահականին առաջադրվելու վերջին ժամկետը դեկտեմբերի 27-ն է (ընտրությունների օրվանից առնվազն 55 օր առաջ պետք է գրանցվել), իսկ ՀԱԿ-ում դեռ չեն կողմնորոշվել իրենց թեկնածուի հարցում։
Սա և մի շարք այլ հանգամանքներ իրոք պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծել ՀԱԿ-ում և այժմ, երբ նախընտրական կողմնորոշման գործընթացը մտել է եզրափակիչ փուլ, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցը հավասարվել ու նույնականացել է ՀԱԿ-ի լինել-չլինելու հարցին, որովհետև այսօրվա դրությամբ միակ բանը, որ դեռ պահում է ՀԱԿ-ին վերջնական կազմաքանդումից, դա Տեր-Պետրոսյանի կերպարն ու հեղինակությունն է, ու եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը ամսի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարի ժամանակ, ապա մեծ վստահությամբ կարելի է ասել, որ հենց հաջորդ օրը ՀԱԿ-ը կդադարի իր գոյությունը։
Ի դեպ, «Հրապարակը» շատ տեղին նկատել է, որ հենց հաջորդ օրը կկայանա նաև Բագրատյանի «Ազատություն» կուսակցության համագումարը, և տարբեր աղբյուրներից հնչող ասեկոսեների ու տեղեկությունների համաձայն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում Բագրատյանը կհայտարարի ՀԱԿ-ի կազմից իր և իր կուսակցության դուրս գալու մասին և կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին։ Ըստ «Հրապարակի»՝ նա ձեռնամուխ կլինի ՀԱԿ-ի բեկորներից նոր դաշինքի կերտելուն, և այդ դաշինքին կարող են միանալ ինչպես Պետրոս Մակեյանի ու Արամ Սարգսյանի կուսակցությունները, այլև Նիկոլ Փաշինյանի երիտկոնգրեսականների թևն ու անգամ «Ազատ Դեմոկրատները»։ 
Այսինքն՝ ՀԱԿ-ի մի կոլաբորոցիոնիստ մասը՝ Զուրաբյանի գլխավորությամբ, հավատարիմ կմնա ԲՀԿ-ին, իսկ արատական հատվածը էլի դուրս կգա փողոց՝ այժմ նորաստեղծ ինչ-որ դաշինքի դրոշների տակ և գրեթե նույն պահանջներով ու թեզերով, որ ուներ ՀԱԿ-ը մինչ ԲՀԿ-ի հետ սիրախաղերի մեջ մտնելը։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել