ԱՊՀ ստեղծման առաջին փուլում` դեռևս 1990- ականներին, կնքված համաձայնագրերը նորացման և արդիականացման կարիք ունեն: Այդ գործընթացն սկսվել է վերջին տարիներին: Կառավարության ս.թ. հոկտեմբերի 22-ի նիստում համաձայնություն է տրվել ևս չորս ոլորտ կարգավորող համաձայնագրերի կնքմանը: Առաջինը «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993թ. հունվարի 22- ի համաձայնագիրն է, որում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրության կնքման համաձայնություն է տվել գործադիրը: Գործող համաձայնագիրը թույլ է տալիս ստեղծել կայուն համագործակցային կապեր ԱՊՀ մասնակից պետությունների միջև, արդյունավետ կազմակերպել և իրականացնել արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության համատեղ աշխատանքը: Սակայն փաստաթղթի առանձին ձևակերպումներ և խմբագրական շարադրանք տեղիք են տալիս ոչ ճիշտ ու ոչ հստակ մեկնաբանությունների, որոնց վերացման նպատակով էլ առաջարկվել են փոփոխություններն ու լրացումները:

Մյուս համաձայնագիրը, որի փոփոխություններին համաձայնություն է տվել ՀՀ կառավարությունը, կնքվել է 1999թ. հունվարի 13-ին և վերաբերում է էկոլոգիական մոնիտորինգի բնագավառի համագործակցությանը: Նոր արձանագրությամբ հանվում է համաձայնագրի 6-րդ հոդվածը, և ընդհանրապես, արձանագրությունը փոխարինում է 2005թ. հունիսի 13-ին ստորագրված նախորդ արձանագրությանը և ուժի մեջ է մտնում կողմերի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման երրորդ ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից: Կառավարության համաձայնությունն ստացած հաջորդ փոփոխությունը վերաբերում է ԱՊՀ 2009թ. նոյեմբերի 20-ի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին: Արձանագրությամբ նախատեսվում է ծագման երկրի տվյալների իսկության ստուգում, համակարգվում է արտահանողի կողմից ինքնահայտարարագրման ընթացակարգը, լրացում է կատարվում 1-ին հավելվածում, որով սահմանվում են արտադրական պրոցեսներ ԱՏԳ ԱԱ 25 ծածկագրին դասվող մի շարք ապրանքների հանդեպ, ինչն ավելի արտոնյալ պայմաններ է նախատեսում նման ապրանք արտահանելու համար: Արձանագրության կնքումը պայմանավորված է ԱՊՀ երկրների միջև ձևավորված ազատ առևտրի ռեժիմը պատշաճ և արդյունավետ կիրառելու անհրաժեշտությամբ: Հաջորդ առաջարկությամբ ստորագրվելու է «ԱՊՀ մասնակից պետություններում միջազգային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ժամանակ օպերատորների միջև փոխադարձ հաշվարկների իրականացման մասին» համաձայնագիրը, որի կնքմանը նույնպես համաձայնություն է տվել գործադիրը:

Համաձայնագրի նպատակն է ստեղծել միջազգային էլեկտրոնային հաղորդակցության, ինչպես նաև միջազգային ռոումինգի ծառայության մատուցման ժամանակ օպերատորների փոխհաշվարկների նպաստավոր պայմաններ, որոնց շնորհիվ կընդլայնվեն ծառայությունների հնարավորությունները, կբարձրանան դրանց որակը և հուսալիությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել