Երեկ Նոր Հայաստանի քաղաքական փրկիչները հայտարարեցին, որ դեկտեմբերի 1-ին հանրահավաք են անելու և իշխանափոխություն իրականացնելու: Գիտե՞ք՝ սա ինձ ինչ հիշեցրեց. «Չորրորդ իշխանություն» թերթը մի սուր խորագիր ուներ առաջին էջում՝ «Մոզամբիկի պատմությունից», որ քաղաքական կծու մտքեր էր ներկայացնում ու դիմանկարներ կերտում, և դրանցից մեկում ասվում էր, թե «Ժամանակ առ ժամանակ ցեղի վոժդերից մեկը գլուխը բարձրացնում էր, քնած տեղից վեր էր թռչում ու բղավում, որ վոժդն ինքն է, հետո էլի քնում»: Նորհայաստանականներից մեկը քննադատաբար նկատեց, որ սահմանադրական բարեփոխումների վրա նախատեսված է ծախսել 4 միլիոն դոլար, մինչդեռ այդ գումարը կարելի էր ծառայեցնել ավելի կարևոր նպատակների: Միանգամայն տեղին դիտարկում. այդ դեպքում ինչո՞ւ են քաղաքական նոր լիդերները որոշել սպասել մինչև դեկտեմբերի մեկը (երբ արդեն 4 միլիոն դոլարից երկուսը հաստատ կերած կլինեն), ինչո՞ւ ավելի շուտ չեն կամ չէին մոբիլիզացնում ժողովրդին, ամառն էլ անցավ, աշունն էլ արդեն կես եղավ, ու դեռ որոշել են սպասել մինչև դեկտեմբերի մե՞կ՝ «բարեփոխումների» հանրաքվեից 5 օր առա՞ջ... Ինչո՞ւ: Երբեմն ինձ թվում է, թե ընդդիմությունն ու իշխանությունն աշխատում են միասին, ու իշխանությանը ձեռնտու է, որ ժամանակ առ ժամանակ ժողովրդին «ոգևորեն» իշխանափոխության հեռանկարով, որ երկրից ավելի շատ չհեռանան: Այդուհանդերձ, հազիվ թե 4 միլիոն դոլարը պետբյուջեի գումարներից լինի, ավելի հավանական է՝ «դրսի» պատվիրատու այն ուժերի կողմից լինի, ովքեր սահմանադրական «բարեփոխումներին» «դաբրո» են տվել, «շաբաշն» էլ հետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել