ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ինն ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.7 տոկոս:

Ըստ նախնական, շտապ հավաքագրված տվյալների՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճ է գրանցել արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.8 տոկոսով՝ ինը ամսվա կտրվածքով կազմելով 948 միլիարդ 317.6 մլն դրամ։ Սակայն արդյունաբերական գների ինդեքսը նվազել է 0.3 տոկոսով։ Այստեղ իր բացասական դերակատարումն ունեցավ արդյունաբերության ամենամրցունակ հատվածի՝ հանքարդյունաբերական ոլորտի հիմնական արտադրանքի՝ արդյունաբերական մետաղների գների նվազումը համաշխարհային շուկայում:

Ամենամեծ աճը շարունակում է ապահովել գյուղատնտեսությունը՝ 11.3 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է տարվա բարենպաստ բնակլիմայական պայմաններով, այլ նաև արտահանման գործընթացին խոչընդոտող գործիքների վերանայմամբ: Ծավալը կազմել է 710 միլիարդ 403.2մլն դրամ:

Շինարարության աճը կազմում է 0.1 տոկոս, ծավալը՝ 258 միլիարդ 890.5մլն դրամ: Ծառայությունների ոլորտը նույնպես 2.5 տոկոս աճ է արձանագրել՝ կազմելով 850 միլիարդ 811.7 մլն դրամ:
էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը աճել է 3.8 տոկոսով և կազմում է 5 միլիարդ 771.7մլն դրամ:
Անկում է գրանցել ներքին առևտրաշրջանառությունը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 5.6 տոկոսով: Ինն ամիսների կտրվածքով ծավալը կազմում է 1 տրիլիոն 620 միլիարդ 631.9 մլն դրամ:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նույնպես նվազել է 20 տոկոսով: Այս թվում՝ արտահանման ծավալները նվազել են 0.9՝ 523.3 մլն դրամ, ներմուծմանը՝ 26.6 տոկոսով՝ 1 միլիարդ 128.2մլն դրամ: Առևտրաշրջանառության բացասական ցուցանիշը պայմանավորված է հիմնականում տարածաշրջանային զարգացումներով, մասնավորապես՝ տարվա սկզբին արձանագրված ռուբլու աննախադեպ անկումով, տրանսֆերտների կրճատմամբ, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրման և նոր «խաղի կանոնների» դեռևս ամբողջությամբ չյուրացմամբ:

Գնաճը կազմել է 4.7 տոկոս, ինչը մի փոքր մեղմացնում է միջին ամսական անվանական աշխատավարձի 9.7 տոկոսանոց աճը:
Հույս է ներշնչում այ փաստը, որ ավելանում են Մերձավոր Արևելքի ու Պարսից ծոցի շրջաններ ուղղվող արտահանման ծավալները: Դրան կնպաստեն Չինաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրոպայի հետ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ հարաբերությունների սերտացմանն ուղղված աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել