Հագնում եմ բրենդային պիջակս, սև վերնաշապիկս, մուգ ջինսս, շագանակագույն կաշվից կոշիկներս ու գնում բացահայտելու Երևանի ամենաթանկարժեք խանութների գները։ Հետաքրքիր է, որ տանից դուրս գալիս իմ մտքով չէր էլ անցնում, որ իմ ողջ հանդերձանքի գներն իրար գումարած ավելի էժան են լինելու Երևանի թանկարժեք բրենդային խանութում կախված մեկ սովորական վերնաշապիկից։

Բացահայտումը սկսեցի Հյուսիսային պողոտայից ու առաջին խանութը, որ մտա, «Billionaire»-ն էր։

Billionaire

collage

Եթե հագուստի ընտրության հարցում չեք կարևորում Ձեր շուրջը ծառայաբար վազվզող վաճառող-խորհրդատուների անհրաժեշտությունը, ապա 295,000 դրամ վճարելու փոխարեն կարող եք ձեռք բերել նույն որակի վերնաշապիկ քաղաքի ցանկացած տոնավաճառում՝ վճարելով ոչ ավելի, քան 15,000 դրամ։ Հետաքրքրական է, որ «Billionaire»-ի հաճախորդների մեծամասնությունը գիտի, որ այս խանութում հայտնվող ապրանքները մեծամասամբ Թուրքիայից են բերվում, բայց, այնուամենայնիվ, օգտվում են այստեղից ու միայն «Billionaire» բառի համար վճարում են հսկայական գումարներ։

collage11

Իսկ ոչնչով աչքի չընկնող այս հրաշալի պիջակը վաճառվում է 1.195.000 դրամով:

Ermenegildo Zegna

HITMAN_

Ի տարբերություն նախորդ խանութի՝ «Zegna»-ի տեսականին տոնավաճառներում չես գտնի, իսկ վաճառող-խորհրդատուն իր գործի վարպետն էր. հասկանում էր կոստյումներից և գիտեր ճիշտ խորդուրդներ տալ: Բայց այդ ամենի պատճառով փողկապն այստեղ 94.000 դրամ էր, ճերմակ վերնաշապիկը, որի ճիշտ նմանակը ես գնել էի «Zara»-ից 20,000 դրամով, այստեղ 159,000 դրամ էր, իսկ իմ հավանած պիջակներից մեկը 588,000 դրամ էր, մյուսը՝ 1,000,000։

Burberry

collageqwe789

Գիտեմ, հիմա ինձ կմեղադրեք դիտավորյալ վատ նկարելու մեջ, բայց այնքան հիասթափեցնող էր «Burberry»-ի տեսականին, որ անգամ չցանկացա հագնել այստեղ որևէ բան. պարզապես հետս տարա հանդերձարան, նկարեցի ու հետ տվեցի: Պիջակներն անցած տարվանից էին մնացել, իսկ վերնաշապիկը միակ բանն էր, որի հանդեպ արժեր հետաքրքրություն ցուցաբերել՝ գինը պարզելու համար: Այս պիջակը, որը «Burberry»-ում հաստատաբար դեռ մի երկու տարի էլ կախված կմնա, արժե 1.200.000 դրամ, այս հասարակ ճերմակ վերնաշապիկն արժեր 175.000 դրամ, իսկ փողկապներն արժեին 99.000 դրամ:

Corneliani

collage4

Ի տարբերություն մյուս խանութների՝ այստեղ ընտրում ես ոչ թե նրանց միջից, որոնք հավանում ես, այլ նրանց միջից, ինչ կա: Իսկ կար այս թե՛ առաջին և թե՛ երկրորդ հայացքից շատ հասարակ, առօրյա պիջակը, որն արժեր մի ամբողջ 1.200.000 դրամ:

collage57879

Stefano Ricci


collage8976

Եթե մինչև այս պահն իմ հագած ամենաթանկարժեք կոստյումը 1.200.000 դրամ արժեր, ապա այստեղ ինձ դրանից մոտ 3 անգամ ավելի թանկ հագուստ էր սպասում: Մի պահ պատկերացրեք, թե ինչպես եք հաշվում երեք միլիոն երեք հարյուր իննսուներեք հազար դրամ քեշը (նույնիսկ այս թիվը կարդալուց ես հոգնում), որպեսզի վճարեք մեկ պիջակի համար: Այդքան փող չունեցողի տպավորությունը ցրելու համար սկսեցի ցուցադրել իմ գիտելիքները կոստյումների մասին, որոնց մեծ մասը ձեռք էի բերել նախորդ խանութների վաճառողների շնորհիվ, և երբ մուգ կապույտին «Navy Blue» ասեցի, այդ ժամանակ ինձ հանքային ջուր հյուրասիրեցին)): Ներքևի նկարում հստակ երևում է այդ պահը:

collage47568

Դե իսկ երկրային կենդանու կաշվից պատրաստված կոշիկն այստեղ 827.000 դրամ արժեր:

Brioni, Canali

collage785497

Քանի որ «Brioni»-ում պիջակներ չկային, ինձ ուղեկցեցին «Canali»: Ինչպես երևում է նկարում՝ «Brioni»-ի վաճառողն այդքան էլ լավ չէր նկարում, ի տարբերություն մնացած խանութների աշխատակիցների, ովքեր մեծ էնտուզիազմով նկարում էին ինձ և ակամայից աջակցում նյութի ստեղծմանը: Ինչևէ, այստեղ նունպես խիստ ուռճացված գներ էին: Պիջակն արժեր 735,000 դրամ, իսկ մոխրագույն շալվարը՝ 170,000 դրամ։

«Canali»-ն 2 օր տևած ճամփորդությանս վերջին հանգրվանն էր, որտեղից վերադարձա հասարակ մահկանացուների աշխարհում ինձ անհամբերությամբ սպասող կարմիր կեդերիս։ Գիտեմ՝ հիմա շատերդ սպասում եք, որ խոսքս կեզրափակեմ կոչով ու կասեմ՝ մի՛ առեք թանկ կոստյումներ, այլ այդ փողերն ուղարկեք սահման կամ ինչ-որ մեկին լավություն արեք, բայց չէ, դա չեմ ասի, կթողնեմ, որ դուք ասեք նյութի մեկնաբանություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել