Եվ դո՞ւ, ‪‎Սանիթեք‬։

Առվազն երկու-երեք անգամ գոհունակությունս հայտնել եմ մեր շենքի/թաղամասի աղբահանությունից։ Ու երևի մեծ սխալ եմ արել, քանի որ աչքով եմ տվել։

Մոտ մեկ ամիս առաջ աղբահանության գործը հանձնեցին‪ Սանիթեքին,‬ ու ինչպես ցանկացած լավ բան մեր ունայն կյանքում, աղբահանությունն էլ ավարտվեց։

Շենքի աղբատարը խցանվեց երեք օր առաջ։ Աղբն իջեցրի ներքև, դուռը բացեցի, մեծ դժվարությամբ գցեցի ներս։ Աղբի բարձրությունը մարդաբոյն անցնում էր։ Հիշեցի այն երանելի տարիները, երբ ես երիտասարդ էի, մեր երկրում լույս ու գազ չկար, դե աղբահանության մասին չէինք էլ մտածում։

Որպես աղբահանության համար բարեխիղճ վճարող՝ զանգահարեցի ‎Սանիթեքի‬ թեժ գիծ՝ 8090։ Զրուցեցինք երիտասարդի հետ, բացատրեցի խնդիրը, ասաց՝ հարց չկա։
Այսօր աղբատարը բացված չի, աղբամուղի դուռը փակ է, մարդիկ աղբը խնամքով շարում են շենքի մուտքի կողքը։ Ու ես նրանց չեմ մեղադրում, որովհետև աղբը հեռացնելու ուրիշ տարբերակ չկա:

Նորից զանգեցի Սանիթեք՝ 8090։ Նույն երիտասարդն ասաց՝ գիտեք ինչ, մենք միայն ներքևի աղբն ենք տանում (թոբա թե տանում եք), խցանման համար պետք է զանգել ուրիշ ծառայություն։ Ասացի, իսկ չի՞ լինի, որ դուք ինքներդ զանգեք ում որ պետք է։ Չեմ հիշում՝ ինչ ասաց, բայց հասկացա, որ #Սանիթեքի հետ մեր հարաբերությունները ոնց որ թե չեն ստացվում։

ՀԳ. Հիմի ի՞նչ անենք, Սանիթեք ջան, որ դուք մեր աղբը տանեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել