Մի խայտառակ պատմության մասին երեկ իրազեկեց «Արմենիա» հեռուստաալիքի «Սուր անկյունը». այն մասին, թե բյուջեն միանգամից ու անընդհատ լցնելու ինչ յուրօրինակ ձև են գտել համապատասխան կառույցները, ավելի ճիշտ՝ ճանապարհային ոստիկանությունն ու ԴԱՀԿ-ն, որոնք մեծագույն «պատասխանատվությամբ» իրագործում են «աշխատենք միասին» կարգախոսը՝ 2003 թվի նախագահական ընտրություններից մնացած: Ի՞նչ է պարզվում. վարորդներին տուգանքներ են գալիս՝ «դաստով», որոնց մի մասը հաճախ անհիմն էլ է լինում, ու մինչ պատրաստվում են վերջիններս բողոքարկել կամ բողոքարկում են, այդ ընթացքում նրանց բանկային հաշվեհամարներին կալանք է դրվում, ու հաշվի համարի տերը ոչ կարող է գումար վերցնել, ոչ հանել: Մի զարմանք էլ այն էր, որ տուգանքները վճարելու համար մի առանձին գումար էլ գանձվում է, եթե մուծումը կատարվում է տերմինալի միջոցով, իսկ տերմինալն էլ վարձն ընդունելու ծառայության դիմաց գանձում է լրացուցիչ 300 դրամ՝ յուրաքանչյուր 7500 դրամ գումարի համար (տեսնես՝ սովորական կոմունալ վարձ մուծելիս է՞լ է լրացուցիչ գումար գանձվում): Ընդ որում, կալանք է դրվում նաև թոշակառուների թոշակային հաշվեհամարների վրա (եթե վարորդը թոշակառու է ու բանկից է թոշակ ստանում), ինչն էլ ավելի դատապարտելի է: Հաղորդման հեղինակը պարզ ասաց. «Եթե դուք պետք է վճարեք 20000 դրամ տուգանք, ուրեմն, դրանից բացի, տերմինալը գանձում է ևս 900 դրամ». Ինչ լավ է, չէ՞... Ու այս առթիվ մարդիկ ողջ օրն անց են կացնում հերթերի ու քաշքշուկների մեջ: Հետաքրքիր է, որ երբ պետությունը, ի դեմս սեփականատիրոջ, քաղաքացուն պարտք է, նման շտապողականություն չի ցուցաբերվում, ու մարդիկ տարիներով կարող են իրենց չստացած աշխատավարձերը պահանջել, բայց լիարժեք արդյունքի չհասնել: Վանաձորի քիմգործարանի պատմությունը ձեզ օրինակ. մարդիկ անգամ չգիտեն, թե ով է գործարանի սեփականատերը, կոնկրետ ումից պահանջեն իրենց աշխատավարձերը, պետական կառույցներում այդ մասին իմացողներն էլ  հանցավոր անտարբերություն են ցուցաբերում՝ իմանալ-չհայտնելով: Մինչդեռ հանցագործ սեփականատերերին հարկավոր էր պատժել օրենքի նույն խստությամբ, ինչ որ՝ կարգազանց վարորդներին: Ու հետաքրքիր այն է, որ իրենց ակտերի հետ համաձայն չեղող վարորդները, եթե անգամ դատարանով ապացուցում են, որ իրենց անհիմն են տուգանել, այդ դեպքում էլ գումարի ետգանձումը նրանց օգտին չի երաշխավորվում: Ահա այսպիսի իրավական պետության մեջ ենք ապրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել