Մի քանի օր առաջ էր, Գեղարդի ձորում էինք: Գիտեք, վանքից մի քիչ ներքև անարվեստ սարքած տաղավարներ են, մարդիկ սեղան են գցում: Մեր հարևան տաղավարը զբաղեցրեց եզիդների մի գերդաստան: Նախ ձոր իջան այրերը, նրանց հետ՝ երեխաները, հետևեցին հարսներն ու աղջիկները՝ կապոցներով: Սրանց մեջ էր Մայրը – բազում դեյրաների ծալքերով պաշտպանված, վերջինը՝ մուգ կարմիր գույնի, թուխ ճակատը ծածկում էր կանաչ ապառոշը: Գնում էր ծանր ու հաստատ, մայր մեղվի շորորուն քայլվածքով: Քիչ անց գառը անձայն զոհաբերվեց, արքադի ծուխը լցվեց կիրճը: Մեզ մոտեցավ եզիդներից մեկը և ցույց տալով մեր ավելացած փայտը՝ խնդրեց վերցնել: Համաձայնեցինք, հնչեց օրհնանքը. «Գեղարդը թող ձեզ քյոմագ ըլնի, ապահով ըլնեք»:

Ձորը լցվեց եզիդ գերդաստանի ուրախության կանչերով: Տոհմի աստեղային ժամն էր: Սրբազան է տոհմի ուրախությունը: Արարիչը ներկա է այնտեղ:

Եթե դու պետական ազգ ես, տիտղոսային ազգ ես, եթե դու ապագա ունես, եթե արժանի ես կյանքի – դու պիտի փայփայես ու խնամես որևէ համայնքի կյանքը – եզդի լինի, թե հայ, քուրդ լինի, թե ասորի…

Սակայն եթե դու պետական ազգ ես, էլ չասեմ՝ աշխարհակալ ու հզոր ես, բայց նախանձում ես ուրիշների ուրախությանը, սեղանի առատությանը, սերնդի կայտառությանը, աշխատասիրությանը, - և ամեն ինչ անում ես, որ բոլորին խառնես, կռիվ գցես, համայնքի սրբազան ուրախությունը վշտի ու արցունքի փոխես… Դա նշանակում է, որ դու անհույս հիվանդ ազգ ես: Ի՞նչը կարող է քեզ օգնության հասնել – գուցե միայն բազում զոհերիդ կարեկցանքի արցունքը…

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել