Ինչպես գիտենք, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ: Այս իրադարձությունը շատ կարևոր և որոշիչ դեր ունի մեր տնտեսության համար, քանի որ Էսհաղ Ջահանգիրին վերահաստատեց իրենց պատրաստակամությունը ՀՀ-ի հետ մի քանի խոշոր ծրագրերի իրականացման, ինչպես նաև նշվեց, որ Հայաստանի հետ որևիցե սահմանափակում չունեն հարաբերությունները զարգացնելու համար:

Ուրվագծվում են համագործակցային խոշոր ծրագրեր, ինչպիսիք են էներգետիկայի ոլորտի ծրագրերի իրականացումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը: Էներգետիկայի ոլորտում արդեն իսկ կարելի է նշել, որ կողմերը եկել են համաձայնության, և սկսվել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցում, որի ավարտը նախատեսվում է 2018 թվականին: 
Անդրադարձ է եղել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա քայլերին:

Կարելի է փաստել, որ էներգետիկայի ոլորտում, անկասկած, երկու կողմերն էլ ունեն իրենց շահերը, և, փաստացի, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման առաջին երկու գծերը ցույց են տվել արդյունավետություն, որ այսօր երկու կողմերը սկիզբ են դնում 3-րդ գծի իրականացման ծրագիրը:

Հարկ է նշել նաև, որ ճանապարհային տրանսպորտի, երկաթգծի և փոխադրումների հետ կապված` կողմերը նույնպես հաստատել են իրենց պատրաստակամությունը: Ճիշտ է՝ շատերը նշում են, որ ՀՀ-ով անցնող երկաթգիծը շատ ավելի թանկ է, քան մեր հարևան երկրներով, և դա իրոք այդպես է, բայց Իրանն այստեղ խնդիր չի կարող դնել կամ ՀՀ-ով կամ ուրիշ ճանապարհով, քանի որ այս ծրագիրը նույն մետաքսի ճանապարհի ծրագիրն է, և բոլոր երկրները, ովքեր ցանկություն կհայտնեն, կարող են միանալ այս ծրագրին և միանալ երկաթգծի ցանցին:

Ինչպես նաև Իրանի համար շատ ավելի ապահով է, որ Սև ծով ելքն ունենա ՀՀ-ի տարածքով, քան հարևան երկրներով, քանի որ Թուրքիան անկանխատեսելի հարևան է, և հետագա ԱՄՆ-Իրան բանակցությունները սրվելու դեպքում Թուրքիան նույնպես միանալու է պատժամիջոցներին, իսկ Թուրքիայի փոքր եղբայրը՝ Ադրբեջանը, բացի այն, որ կանի ամեն ինչ մեծ եղբոր համար, նաև վիճելի տարածքներ ունի Իրանի հետ:

Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ-ն երկաթգծային ճանապարհի կառուցման մասով միակ վստահելի գործընկերն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել