Վերջին շրջանում շատ է խոսվում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների և դրա շրջանակներում մեր տարածաշրջանում վերջինի ազդեցության հնարավոր մեծացմամբ պայմանավորված իրավիճակային փոփոխության մասին: Իրանի նկատմամբ Արևմուտքի կողմից նախատեսված պատժամիջոցների վերացման պարագայում կարող են մեծապես խարխլվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Վրաստանի նկատմամբ իրականացվող զավթողական քաղաքականության հիմքերը: Բանն այն է, որ վերջին տասնամյակում թուրք-ադրբեջանական գործոնը Վրաստանում բավականին մեծացել է՝ ինչն, ըստ էության, լուրջ խնդիր է հանդիսանում հենց վրաց հասարակության և Վրաստանի գործող իշխանութունների համար: Դա էր պատճառը, որ 2012թ.-ի իշխանափոխութոյւնից հետո նորընտիր քաղաքական ուժը Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ նախաձեռնեց հարևանների հետ հարաբերություններում հավասարակշռման քաղաքականություն իրականացնելու գործընթաց, ինչի արդյունքում որոշակիորեն չեզոքացվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այդ երկրում «ինչ ուզենք, այն էլ կանենք» գործելաոճը:

Այդուհանդերձ, գտնվելով նշված երկու երկրներից էներգետիկ և տնտեսական կախվածության մեջ՝ Վրաստանը չի կարողանում լիարժեք ազատ զգալ մեր տարածաշրջանում: Դա է նաև պատճառը, որ վերջինը փորձում է հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի հետ, նույնիսկ առաջ են քաշվում հյուսիսային այդ հարևանի էներգետիկ աղբյուրների օգտագործման ծավալներն ավելի մեծացնելու հնարավորությունը:
Դրան զուգահեռ Թբիլիսին ակտիվ համագործակցում է նաև Իրանի հետ: Վերջին շրջանում բավական հաճախակիացել են խոսակցությունները վրաց-իրանական համատեղ ծրագրերի մասին, որի մասնակիցը մեծ հավանականությամբ կարող է դառնալ նաև Հայաստանը՝ հիմք դնելով եռակողմ լուրջ շփումների: Պաշտոնական մակարդակով արդեն հայտարարություններ են հնչել Վրաստանից Իրանին ջուր մատակարարելու, ապա նաև Իրանից Վրաստանի միջով դեպի Եվրոպա գազ արտահանելու մասին: Նշվածը լոկ խոսքեր չեն, քանի որ Վրաստանը ևս լավ գիտակցում է, որ առավել հեռանկարային և շահավետ գործարքները կարելի է իրականացնել հենց Իրանի հետ և իհարկե՝ Հայաստանի աջակցությամբ և անմիջական ներկայացվածությամբ, իսկ դա թույլ է տալիս մի կողմից երեք կողմերի միջև առկա բարձր մակարդակի հարաբերություններ և մյուս կողմից՝ նաև պարտադրում տարածաշրջանում անվտանգության մի շարք հիմնահարցերի գոյության հանգամանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել