Այսօր գործադիրը դրական եզրակացություն տվեց պատգամավոր «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: 
Օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 5 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափը նվազեցնելու հնարավորությանը:

Գործող օրենքով՝ 2015թ. մայիսի 7-ին արված փոփոխությունների համաձայն սահմանված է առևտրական գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցումներ կատարելու հնարավորություն մինչև 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով, եթե ծախսերը հիմնավորված են երկկողմանի հաստատված հաշվարկային փաստաթղթերով:

Սակայն երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների դեպքում հաշվարկված 5 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափը գործնականում հնարավոր չէ նվազեցնել, քանի որ առևտրական գործունեություն իրականացնողի համար գրեթե անհնար է ապահովել ծախսերի (ձեռք բերումների) երկկողմանի հաստատված փաստաթղթավորում:

Նախագծի ընդունման դեպքում երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 5 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափը հնարավոր կլինի նվազեցնել շուկայից կատարած ձեռք բերումների (ծախսերի) հանրագումարի 4 տոկոսը կազմող գումարի չափով՝ միակողմանի գնման ակտեր կազմելու միջոցով: 
Երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» ՀՀ օրենքի համաձայն` արտադրության և սպառման թափոններ համարվող ապրանքները, այդ թվում` արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը: «Շրջանառության հարկի մասին» օրենքի իմաստով երկրորդային հումքի ցանկը կսահմանի ՀՀ կառավարությունը, օրենքի ընդունումից հետո՝ 3 ամսվա ընթացքում:

Յուրաքանչյուր երկրի համար երկրորդային հումքի վերամշակումը կարևոր բնապահպանական և ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հարց է: Որոշ երկրների համար երկրորդային հումքի վերամշակումը դարձել է բազմամիլիարդավոր բիզնես, մասնավորապես՝ Գերմանիան, Ճապոնիան, Չինաստանը, Շվեցիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն: Ընդորում, վերջին երկու երկրները մեծ քանակությամբ թափոններ արտահանում են Չինաստան, որը վերամշակում և օգտագործում է այն որպես երկրորդային հումք:

Նախագծով առաջարկվող փոփոխության շնորհիվ բարենպաստ պայմանններ կստեղծվի երկրորդային հումքի հավաքման և հետագա վերամշակման համար: 
Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել