Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը բացառիկ տնտեսա-քաղաքական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության վրա, ու եթե մինչև այժմ ռուսական մենաշնորհը փորձում էին բալանսավորել Արևմուտքի հետ հարաբերությունների հաշվին, ապա փոփոխվող աշխարհաքաղաքական իրականությունը մեզ հուշում է, որ մենք կարող ենք շատ ավելի արդյունավետ, խոստումնալից ու հեռանկարային փոփոխություն անել, մեր աշխարհաքաղաքական վեկտորում՝ Ռուսաստանի ազդեցությունը բալանսավորելով Իրանի գործոնով։ Այլ կերպ ասած՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու փոխարեն պետք է շեշտը դրվի հայ-իրանական հարաբերությունների շեշտակի զարգացման ու ծավալման վրա։

Մի կողմից, սա, իհարկե, չի կարող առաջացնել Ռուսաստանի խանդավառությունը, բայց հաստատ Ռուսաստանը նման մերձեցմանը չի վերաբերվի այնքան սուր, որքան դա անում է Արևմուտքի պարագայում, որովհետև կամա թե ակամա Ռուսաստանն ու Իրանը հիմա գտնվում են միևնույն ճամբարում, և նրանց մերձեցումը գնալով ավելի է արագանում։

Բացի դրանից, Իրանն ինքը չունի և չի կարող այնպիսի ռիսկային հավակնություններ մեր համար, որքան Արևմուտքը և, ինչու ոչ, հենց Ռուսաստանը։ Իրանի պարագայում կարելի է ասել, որ որպես այդպիսին բացակայում է մշակութա-կրոնական ասիմիլիացիայի վտանգը, որովհետև որքան մենք նման ենք հին պատմության ու պատմական արմատների տեսանկյունից, այնքան էլ մենք տարբեր ենք պարսիկներից կրոնա-մշակութային համատեքստում։ Այ կերպ ասած՝ չեմ կարծում, որ տեսանելի հեռանկարում մեզ սպառնում է տեսնել այնպիսի երևույթներ բացառապես պարսկախոս հայաստանցիների, իսլամի բավականին ագրեսիվ քարոզի կամ էլ Հայաստանում շարիաթական օրենքների ընդունման քարոզի։ Մինչդեռ բացառապես ռուսախոս հայեր կան, առավելապես բողոքականության ու այլ արևմտյան աղանդների ինտենսիվ քարոզ կա, ինչպես նաև առկա է եվրոպական կամ էլ եվրասիական արժեքներ պարտադրելու պրակտիկա։

Եվ վերջապես, Իրանի հետ հարաբերությունների ծավալումը շատ ավելի խոստումնալից է տնտեսա-քաղաքական տեսանկյունից, քան Արևմուտքի հետ, որովհետև ի տարբերություն Արևմուտքի՝ Իրանը մեզ որպես գաղութ չի դիտարկում, իսկ Կասպիական թյուրքերի հավակնությունները երկուսիս համար էլ մեծ ռիսկ են։ Կարելի է ասել, որ ի դեմս ադրբեջանա-թուրքական զույգի՝ մենք ընդհանուր թշնամի ունենք։

Այս ամենն առավել քան իրատեսական են ու, հաշվի առնելով, որ առաջիկայում պլանավորվում է իրանական մեծ պատվիրակության այց Հայաստան՝ Իրանի փոխնախագահի գլխավորությամբ, կարելի է ենթադրել, որ այս դրույթների ակտուալությունը գիտակցում են ինչպես մեր իշխանությունները, այնպես էլ Իրանի ղեկավարությունը, իսկ մենք պետք է միայն ողջունենք նման տենդենցները։ Օրվա հրամայականն է պարզապես փոխելու մեր աշխարհաքաղաքական ու ներքաղաքական որոշ վեկտորներ, ու Արևմուտքն Իրանով փոխարինելն օրակարգի կարևորագույն հարցն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել