Ազնավուրը տեսախցիկի միանալուց առաջ և հետո

Ազնավուրը հյուրանոցի նախասրահում առանց անհանգստության նշաններ ցույց տալու արդեն քսան րոպե ինձ հետ սպասում է մեր նկարահանող խմբին:

Ամեն ինչ վերջին պահին որոշվեց: Օպերատորներին զգուշացրի` տասը րոպե ունեն Դավիթաշենից «Երևան» հյուրանոց հասնելու համար: Անհնար է: Երթևեկության պիկ ժամն է:

Համերգի նախորդ երեկոն է: Երևան գալու հաջորդ օրը: Անտանելի հոգնած է: 91 տարեկան է մարդը: Անհամբերությունս անհաջող թաքցնելով` անկապ հարցեր եմ տալիս: Մարին լը Պենին հասանք:

-Էն Լը Պենն ինչի՞ Օլանդին «կանցլերի տեղակալ» անվանեց:
-Մարդ գտար ցիտելու… Ես ոչ աջ եմ, ոչ ձախ: Մի կուսակցություն ունեմ` Հայաստանը:

Օպերատորները հասան: Տեսախցիկները տեղադրում են ռեկորդային արագությամբ: Ազնավուրը բազմոցի մեջ ննջում է:

«Կատարյալ ձախողում»,- մտածում եմ ու զգուշորեն հարցնում.

-Սկսե՞նք, պարոն Ազնավուր:

Սկսում ենք հարցազրույցը: Տեսախցիկի առաջ ուրիշ Ազնավուր է: Առույգ, արթուն մտքով, սրամտելու տրամադրությամբ:

25 րոպեից տեսախցիկներն անջատվում են: Ձեռքս ինքնաբերաբար ուղղում եմ նրա կողմը: Մարդը 91 տարեկան է: Մեկ աստիճանի չափ բարձրությունից պետք է իջնի: Բնազդով ուզում եմ օգնել: Մի պահ քարանում է ու ներողամիտ ժպիտով տալիս հարցազրույցի գլխավոր հարցի պատասխանը.

-Այն օրը, երբ, իրոք, թևանցուկ շարժվելու կարիք կունենամ, այդ օրն էլ կդադարեցնեմ ամեն ինչ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել