Կարսի Առաքելոց եկեղեցու քահանա Խորեն Ստամբոլցյանի հիշապատումից (1921 թ., Կարս). «...Մոտենում էին Զատկական տոները: Մի օր ինձ կանչեց (թուրք) ոստիկանապետը և հայտնեց. «Մյութասարիֆը հրամայել է ձեր եկեղեցին բանալ, գնացե՛ք և բացե՛ք»: 
Եկեղեցու փրկված կարպետը, մի քանի ծածկոցներ տարա և ապրիլի 15-ի երեկոյան առաջին անգամ բացեցինք եկեղեցին և ոտնալվայի կարգը կատարեցինք: Միայն կանայք ու երեխաներ էին եկեղեցում, տղամարդիկ` շատ հազվադեպ: Ճրագալույցի պատարագը մատուցեց տեր Կորյունը, զատկի կիրակիի պատարագը ես մատուցեցի և հայտնեցի, որ վաղը` երկուշաբթի մեռելոցին, դարձյալ մի պատարագ պիտի մատուցեմ, հատկապես` Կարսում նահատակվածների հիշատակին և հոգեհանգիստ կկատարեմ բոլոր ննջեցյալների համար: Ու այդպես էլ արի: Դառնացած սրտով դուրս եկա եկեղեցուց և գնացի տուն հանգստանալու` լոկ այն մտքով մխիթարված, որ կատարեցի պարտքս դեպի նահատակվածները, որոնք անժամանակ իրենց կյանքը դրին Կարսի անկման օրերին:
...Մայիսի 15-ին իմացա, որ գիշերն անհայտ գողեր մտել են եկեղեցին ու թալանել: Մեծ ցավ ապրեցի, բայց ի՞նչ կարող էի անել: Ժամերգությունը շարունակվեց, բայց պատարագ չեղավ, որովհետև վարագույրն էլ էին պոկել տարել: 
...Գնացքը սկսեց շարժվել (դեպի Ալեքսանդրապոլ): Արևը կարծես մթնել էր՝ այդպես երևաց աչքերիս: Վագոնի դռանը կանգնած` վերջին անգամ նայում էի սիրածս Կարսին, որ գուցե այլևս չպիտի տեսնեի: Սիրտս կծկված, նստած մի արկղի վերա` ձեռքերով երեսս ծածկեցի ու լացի: Երբ նորից բաց արի աչքերս, արդեն Կարսից հեռացած էինք»: 
(Նկարում Կարսի Առաքելոց եկեղեցին է և զանգակատունը՝ Կարսի քաղաքային ժամացույցով, 1910 թ.):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել