Այսօրվա հայ ընդդիմադիրների մեծ մասին ես կբաժանեմ հետևյալ խմբերի, ավելի շուտ՝ մեկ-երկուական նախադասություններով կբնութագրեմ այն «գաղափարախոսությունները», որոնցով այդ խմբերի հիմնական ներկայացուցիչները փորձում են լվանալ են իրենց սակավաթիվ հետևորդների ուղեղները.

1. «Ռեժիմը խուճապի մեջ է», «Հաղթելու ենք», «Օր առաջ պետք է ազատվել այս հանցավոր իշխանություններից»,- ասում են նրանք ու գնում իրենց հերթական պարտությամբ տառապելու:

2. «Իշխանությունը թալանում է, հանցավոր է»,- ասում են նախկին թալանչիներն ու հանցագործները՝ ձեռքի հետ խմբագրելով կամ մոնտաժելով իրենց իշխանության տարիների պատմությունը՝ ժողովրդի այդ տարիների ահավոր վիճակն էլ արդարացնելով պատերազմով:

3. «Սերժիկ, հեռացիր», մնացածը կարևոր չի, կարևոր չի, թե ով կգա, նույնիսկ չգիտեն էլ, թե ով կգա, կարևոր չի, թե ինչը կփոխվի կամ չի փոխվի, կարևորը «Սերժիկ, հեռացիր»-ն է:

4. «Ամբողջ ժողովուրդը մեր հետ է, ժողովուրդն ուզում է»,- ասում են նրանք՝ լավագույն դեպքում 100 հոգիանոց հանրահավաքներ կազմկերպելուց հետո:

5. «Այս իշխանությունները ոչ մի լավ բան չեն կարող անել, ցանկացած նրանց առաջարկ մերժելի է»:

6. «Իշխանությունների հետ ոչինչ քննարկել պետք չէ, ով քննարկի՝ դավաճան է ու ծախված»

7. «Ով իշխանությունների որևէ առաջարկ գտնի ոչ բացասական, կամ նույնիսկ ուսումնասիրի այդ առաջարկը՝ դավաճան է ու ծախված»:

8. «Ով երկրում իշխանափոխություն, «մայդան» չի ուզում, դավաճան է և ծախված»:

9. «Ով իր հայրենակիցների մի կեսի հանդեպ թարախ չի շնչում՝ ինչ է թե նրանք ռադիկալ ընդդիմադիր չեն, դավաճան է ու ծախված»:

10. «Ով օրական 8 անգամ Ռուսաստանին չի հայհոյում, ով հավանություն է տալիս Ռուսաստանի որևէ քայլին, օրինակ Իսլամական Պետությանը հարվածներ հասցնելուն, ռուսական ԿԳԲ-ի ագենտ է», կամ՝ «Բոլորը ռուսական ԿԳԲ-ի ագենտ են»:

11. «Ով դեմ է Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուն, անշնորհակալ է և Արևմուտքի և Մոսադի գործակալ»:

12. «Ով չի ատում ուժային կառույցների ներկայացուցիչներին, դավաճան է ու ծախված»:

13. «Ով համարձակվում է քննադատել ընդդիմադիր մեկ այլ ուժի՝ դավաճան է ու ծախված»:

Այս բոլորին զուգահեռ հանդիպում են նաև առողջ կամ առողջացման ձգտում ունեցող ընդդիմադիրներ, ովքեր նախընտրում են կառուցողական մոտեցումները:

Ընդդիմադիր դաշտը առողջացնելու համար նախևառաջ պետք է այդ դաշտը մաքրել նախկին իշխանավորներից, քաղաքական դիակներից, նախկին իշխանավորների ու քաղաքական դիակների հետ համագործակցողներից, օտար պետությունների պատվերները կատարողներից ու մարգինալներից, ոգեցունց ու ընդդիմագրգիռ ելույթներ ունեցող ռադիկալներից, ատելությամբ շարժվողներից և բոլոր տեսակի կառուցողական առաջարկները մերժողներից, երբեմն հանդիպող կառուցողական ընդդիմադիրներին ծաղրողներից ու դավաճանի պիտակ կպցնողներից, մի տասնյկա մարդ հավաքել չկարողացող, բայց ամբողջ ժողովրդի անունից խոսողներից, մի խոսքով՝ բոլոր ոչ ադեկվատներից: Մեզ պետք է միայն կառուցողական ընդդիմություն, որը օրական 8 անգամ անիմաստ ու ատելությամբ լեցուն հեղափոխական կոչեր հնչեցնելու փոխարեն գործ կանի, հանդես կգա կոնկրետ ու հասցեագրված, առողջ քննադատություններով և կոնրետ ու հասցեագրված առաջարկներով, պահանջներով, այդ առաջարկների և պահանջների արձագանք ստանալու դեպքում կմասնակցի դրանք շուրջ ծավալվող քննարկումներին և հետևողական կլինի մինչև դրական լուծում ստանալը: Ռադիկալիզմի դարն անցնում է, մոտենում է քաղաքական դիակներին թաղելու և ընդդիմադիր դաշտը առողջացնել սկսելու ժամանակը, և այդ առողջացնելու պրոցեսը ցանկալի կլինի, որ սկսեն հենց առողջ ընդդիմադիրները:

Նախկինում արդեն վարկաբեկվածը, նաև բազմիցս ձախողվածը և անհաջողակի ստատուս ձեռք բերածը հետագայում էլ չի կարող դառնալ հաջողակ և հաղթանակներ գրանցող, որովհետև նրանց գնացքը արդեն հեռացած է, առողջ քաղաքական դաշտում քաղաքական «լուզեռները» չպետք է տեղ ունենան: բայց քանի դեռ կան նրանց հետ հաշվի նստողներ՝ նրանք տեղ ունեն, և այդ տեղը չեն զիջի ավելի երիտասարդ ու առողջ ուժերին:

Իսկ երբ կունենանք առողջ ընդդիմություն, համոզված եմ, որ շատ բան կփոխվի դեպի դրականը, իշխանությունների կեցվածքն էլ կփոխվի, քանի որ որպես կանոն յուրաքանչյուր իշխանություն ու ընդդիմություն միմյանց արժանի են: Միգուցե իշխանություններն էլ փոխվեն՝ անցնցում ճանապարհով: Այս ամենը հնարավոր է, ուղղակի կամք է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել