Ո՜նց մտածում եմ, միևնույն է՝ հանգում եմ այն եզրակացությանը, որ յուրայինների համար Լևոն Զուրաբյանի պես քաղաքական պատուհաս դեռ չենք ունեցել մեր ընդդիմության մեջ։ Իրոք, քաղաքական գործիչը կամ պետք է կայացման լուրջ խնդիրներ ունենա՝ հոգեկան բնույթի, կամ էլ բացարձակ կոմպետենտ չլինի, որպեսզի իրեն թույլ տա այնպիսի կիքս, որը ոչ միայն կարող է վերջնականապես յուղոտ վերջակետ դնել իր ապագայի վրա, այլև իր կուսակցության բոլոր հեռանկարների ու արտաքին աջակցության վրա քար գցել։
Դեռ 2008 թվականից ՀԱԿ-ի հռետորաբանությունն ու քաղաքական հարաբերական կայունությունը մեծապես պայմանավորված էին նրանով, որ եվրոպական կառույցները չափավոր սատարում էին ՀԱԿ-ին ու իրենց հայեցողությամբ շահարկում էին մարտիմեկյան իրադարձությունները, իսկ Զուրաբյանը մեկ հայտարարությամբ այնպես արեց, որ այսուհետ եվրոպական այն կառույցները, որոնք մինչ այս գոնե քաղաքական աջակցություն էին ցուցաբերում ՀԱԿ-ին, այսուհետ վերաբերվելու են այդ կառույցին ասես բորոտով հիվանդի։
Զուրաբյանը հավանաբար տեղյակ չէ, որ եվրոպական քաղաքական իսթեբլիշմենթն արդեն մի քանի դարի պատմություն ունի, այնտեղ այլ քաղաքական կուլտուրա է ու կան բաներ, որոնք կարելի է մարսել Հայաստանում, բայց ոչ երբեք Եվրոպայում։ Թերևս, հենց սա էլ պատրանք է ստեղծել Զուրաբյանի մոտ, ով կոռուպցիոն գործարքի մեջ է մեղադրել եվրոպական ամենահեղինակավոր կառույցներից մեկին՝ հավանաբար ենթադրելով, որ կլինի ինչպես միշտ․ առանձնապես ուշադրություն չեն դարձնի հերթական հերյուրանքի վրա, կասեն՝ «Դե Զուրաբյանն է, ի՞նչ արած» ու կմոռանան եղածի մասին, սակայն արի ու տես, որ եվրոպական քաղաքական գործչի համար կոռուպցիայի մեջ մեղադրվելը երեսին նետված ձեռնոց է, ու եթե նման մեղադրանքից հետո սպառիչ ապացույցներ տրամադրվեն, դա վերջակետ կդնի այդ գործչի կարիերայի վրա։ Ուստի նման դեպքերում եվրոպացիները գնում են մինչև վերջ՝ իրենց անմեղությունը կամ ուրիշի մեղավորությունն ապացուցելու համար։
Հիմա Զուրաբյանի պատճառով ՀԱԿ-ը հայտնվել է մի իրավիճակում, երբ իշխանությունները քարտ-բլանշ ունեն ու կարող են եվրոպացիներին ասել. «Տեսնո՞ւմ եք՝ ում հետ գործ ունենք։ Ստալինյան բանսարկուների ոճով են մեզ հետ այսքան ժամանակ գործել, հիմա էլ նույնը՝ ձեզ հետ»։ ՀԱԿ-ի համար աղետը կայանում է նրանում, որ իրենք առարկելու բան չեն ունենա դրան, որովհետև Լևոն Զուրաբյանի սկանդալային հայտարարությունը ոչ մի փաստով չեն կարողանում հիմնավորել։
Չեմ կարծում, որ Զուրաբյանի նկատմամբ ինչ-որ հալածանքներ ձեռնարկվեն, ոչ էլ ՀԱԿ-ի, որովհետև փորձը ցույց է տվել, որ ՀԱԿ-ը ջլատելու ու կազմաքանդելու հարցում ոչ ոք այնքան բան չի արել, որքան հենց Զուրաբյանը ու մնացած ՀԱԿ-ականների անգործությունը, պարզապես այս միջադեպով ՀԱԿ-ի ու Զուրաբյանի խայտառակությունը միջազգային ատյաններում դառնում է անխուսափելի։
Թերևս, միակ անհասկանալի պահը մնում է այն, թե ինչը կարող էր, այնուամենայնիվ, ստիպել Զուրաբյանին նման մանր քայլի գնալ՝ նման լուրջ հեռանկարի ռիսկն աչքի տակ ունենալով։ Կարծում եմ, որ պատասխանը հենց Զուրաբյան Լևոն անհատի անձնային որակներում է թաքնված։ Բանն այն է, որ Զուրաբյանը պարբերաբար ինքն է հայտնվում սկանդալային պատմությունների մեջ, որպեղ թե՛ կոռուպցիայի, թե՛ քաղաքական մարմնավաճառության, թե՛ զրպարտության դրվագներն անթիվ-անհամար են։ Ասենք՝ հիմա էլ Զուրաբյանին մեղադրում են նրանում, որ ՀԱԿ դաշինքի մեջ մտնող այլ կուսակցություններին հասանելիք հանրաքվեի ընտրական հանձնաժողովների տեղերն է վաճառում՝ գումարները գրպանելով, ու սա ամենևին էլ առաջին նման սկանդալը չէ ՀԱԿ-ի ներսում։ Կարծում եմ, որ Զուրաբյանը, լինելով մանրախնդիր ու ոչ բարձր բարոյական որակներ կրող մարդ, կրկնում է նման մարդկանց սխալը և բոլորին իր արշինով է չափում՝ կարծելով, որ եթե ինչ-որ մեկի հասցեին մեղադրանք հնչեցնի, միևնույն է՝ դրան կհավատան, որքան էլ դա մերկապարանոց հնչի՝ «մեկ է՝ բոլորի տակ էլ ինչ-որ բան կա» սկզբունքով։ Այնպես որ, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հերթական անգամ հենց գողն է առաջինը գոռում՝ բռնեք գողին։
Եվ այսքանով հանդերձ՝ անհասկանալի է ՀԱԿ-ի մնացած անդամների իներտությունը։ Մի՞թե չեն հասկանում, թե ինչ պատուհասի մեջ են հայտնվել մի հոգու հիվանդագին ամբիցիաների ու նեղացկոտության պատճառով, ով հանուն նրա, որ վրեժ լուծի իրեն անհարմար դրության մեջ դրած Վենետիկի հանձնաժողովից, հարվածի տակ է դրել ողջ կուսակցությանը՝ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու դա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել