«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթը լինելու է ամենամյա «Եվրատեսիլ» երգի մրցույթի 61-րդ թողարկումը, որն անցկացվելու է Էրիքսոն Գլոբում՝ տեղակայված Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, այն բանից հետո, երբ «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում շվեդ Մոնս Զելմերլովը իր «Heroes» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Սա երրորդ անգամն է, երբ Ստոկհոլմը հյուրընկալում է մրցույթը:

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում կներկայացնի գեղեցկուհի երգչուհի Իվետա Մուկուչյանը:

«Եվրատեսիլ»-ի այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը և եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է:

«Անչափ ուրախ եմ և շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի Եվրատեսիլին: Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգեւորում և ուժ է տալիս: Հուսով եմ կլինեք կողքիս այս պատասխանատու եւ կարեւոր ճանապարհին»,- նշում է Իվետա Մուկուչյանը:

Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 14-ին, Երևանում։ 1992թ. տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ստացել է միջնակարգ և բարձրագույն կրթություն։ 1998-2006թթ անգլերեն լեզու և նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում։ 2009թ. վերադարձել է Երևան և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին։ 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծին և զբաղեցրել 5-րդ տեղը։ Նույն թվականին Մոսկվայի «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ 2011թ. նկարահանել է 2 տեսահոլովակ։ Գրում է անգլերեն և գերմաներեն երգեր, աշխատում է գերմանացի պրոդյուսերների հետ։ Զուգահեռ ներկայանում է հաուս-էլեկտրո ոճի մեջ, որի շրջանակներում համագործակցել է դիջեյներ Սերժոյի և Լազարոյի հետ։ 2012թ. մասնակցել է «Գերմանիայի ձայն» երաժշտական մրցույթին՝ առաջին փուլում ներկայացնելով Լորինի «Euphoria» երգը: Երգչուհին, հաղթահարելով «Մենամարտեր» փուլը, դուրս մնաց առաջին գալա համերգից հետո: 2012թ. դեկտեմբերին «El Style» ամսագիրն Իվետային անվանեց որպես «Ամենացանկալի հայուհի»:

Զուգահեռաբար Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ եւ սպասում աշխարհի բոլոր ծայրերից յուրատիպ եւ հետաքրքիր աշխատանքների: Երգերն անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 13-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Առաջին ալիքի պաշտոնական  www.1tv.am և  www. eurovision.am կայքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել