Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի` ժամը 20:30-ին, Առաջին ալիքի հեռուստադիտողը դիտում է «Ընտանյոք հանդերձ» սիթքոմը՝ հայտնի և սիրված դերասանների մասնակցությամբ: BlogNews.am-ի հետ զրույցում սիթքոմի ռեժիսորը և դերասանական կազմը պատմել են թե՛ սիթքոմի ստեղծման աշխատանքների և թե՛ իրենց մարմնավորած դերերի մասին: 

Սիթքոմի ռեժիսոր Հրաչյա Զաքարյանը խոստովանեց, որ որոշ դերասաններ ընտրվել են սցենարին համապատասխան, շատերի դեպքում էլ սցենարը գրվել է հենց նրանց համար: Ռեժիսորը նշեց, որ սիթքոմի համար ընտրվել են ինչպես ռեյթինգային, այնպես էլ սիրված դերասաններ. «Մեզ համար առաջին հերթին կարևոր է եղել որակը, այնքան էլ շատ չենք մտածել, թե այս կամ այն դերասանի համար մեզ շատ կնայեն: Երբ առաջնահերթ խնդիրը որակն է, այդ ժամանակ չես մտածում ռեյթինգի մասին: Որակի հետ էլ գալիս է ռեյթինգը»:  

Ստեղծագործական թիմի նպատակը հեռուստադիտողի տրամադրությունը բարձր պահելն է. «Սիթքոմում հումորն օրիգինալ և ինտելեկտուալ է,-շարունակեց Հրաչյան,-բացի բառախաղերից՝ իրավիճակն էլ է ծիծաղելի: Նաև մի կարևոր հանգամանք կցանկանայի առանձնացնել. մենք չենք անցնում գրոտեսկի սահմանը: Բոլոր կերպարներն իրական կյանքից են վերցված, այդպիսի կերպարների կարելի է ամեն օր տեսնել: Իսկ ինչ վերաբերում է տարիքային առանձնահատկություններին, ապա կարող եմ ասել՝ սիթքոմը նախատեսված է 0-ից մինչև շատ բարձր անձանց տարիքի համար՝ դիտելու ընտանյոք հանդերձ»:

Հրաչյան նաև ավելացրեց, որ «Ընտանյոք հանդերձ»-ում բոլորն իրենց կարևորությունն ունեն, և բոլորի պարագայում էլ կերպարները ստացված են դերակատարման առումով. «Այս սիթքոմի սահմաններն ավելի լայն են և մոտենում են ֆիլմին, որովհետև կերպարների թիվը մեզ մոտ հասնում է տասնչորսի, այն դեպքում, երբ սովորաբար սիթքոմներում 4+1, 5+1 կամ 6+1 դերասաններ են լինում: Մեզ մոտ, ըստ սցենարի զարգացման, առանձնանում են 3 հոգի, հետո մյուս երեքն են գալիս առաջին պլան, հետո մյուսները. դա էլ է սցենարի օրիգինալությունը»:

Այն փուլում, երբ ցուցադրվեց սիթքոմի գլխագիրը, շատերն այն նմանեցրեցին «Դոմինո» սիթքոմի անոնսին, մասնավորապես՝ նմանության գլխավոր առարկան էր դարձել բազմոցը: Այդ փաստի մասին խոսելիս Հրաչյան շեշտեց, որ «Ընտանյոք հանդերձ»-ի նկարահանումներն իրականացվել են ամիսներ առաջ, երբ «Դոմինո» սիթքոմը եթերում դեռևս չի եղել. «Վստահեցնում եմ բոլոր հեռուստադիտողներին, որ սցենարային որևէ նմանություն չկա: Միակ նմանությունը բազմոցն է, իսկ դա ո՛չ «Դոմինո»-ի, ո՛չ «Ընտանյոք հանդերձ»-ի ստեղծագործական խմբի հայտնագործությունը չէ: Ի դեպ, խոսքը ոչ թե թրեյլերի մասին է, ինչպես նշված էր հոդվածում, այլ ընդամենը մի քանի վայրկյան տևողությամբ անցումի: Բավական է համացանցում փնտրել, և կկարողանաք գտնել նման մոտեցմամբ նկարահանված բազմաթիվ համաշխարհային և ռուսական ֆիլմեր ու սերիալներ: «Ընտանյոք հանդերձ»-ի պարագայում ընտրված բազմոցը խորհրդանշում է այն ընտանիքը և տունը, որտեղ տեղի է ունենում սիթքոմի գործողությունների մեծ մասը»: 

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, ով խաղում է սիթքոմում, նշեց, որ իր յուրաքանչյուր աշխատանքին մոտենում է մեծ պատասխանատվությամբ և եթե կատարում է ինչ-որ աշխատանք, ապա այն հարազատ է իրեն. «Բնականաբար, իմ և իմ կերպած կերպարի մեջ նմանություն կա, որովհետև ես չեմ կարծում, որ կերպար կերտել նշանակում է ընդհանրապես քո եսից դուրս գալ ու ընկնել մեկ այլ դաշտ, մեկ ուրիշ տեսակի մեջ: Ես կողմ եմ արվեստը ներկայացնելու այն ձևին, երբ դու կարողանում ես քեզ ներկայացնել տվյալ հանգամանքներում: Այսինքն՝ առաջադրված հանգամանքները ստիպում են քեզ դրսևորվել այնպես, ինչպես որ պահանջում է այդ պահին իրավիճակը, սակայն դա չի նշանակում, որ ես այլ կերպար եմ կերտում»:

Դերասանուհու խոսքով՝ նկարահանումների ընթացքում ծիծաղելու առիթներ շատ են ունենում. «Եթե մենք չծիծաղենք սցենարի վրա կամ աշխատանքային պրոցեսում, ինչպե՞ս կարող ենք պահանջել, որ հեռուստադիտողը ծիծաղի: Իսկ երբ ինքներս ծիծաղում ենք, նշանակում է, որ իսկապես զվարճալի է ստացվել»:

Դերասան Սամվել Թոփալյանի կարծիքով` սիթքոմի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բոլոր կերպարները՝ սկսած իր կերպարից, իրական կյանքից են վերցված, և մեր շրջապատում տեսնում ենք նրանց. «Ընդհանրապես հայկական սերիալների ամենամեծ թերությունն այն է, որ մեր իրականությունից կտրված են թեմաները, սյուժեները, իսկ «Ընտանյոք հանդերձ»-ում նրանք շատ կոնկրետ տեսակներ են, ովքեր ապրում են մեր քաղաքում»: 

Սամվելը կցանկանար, որ իր կերտած կերպարի նման մարդիկ շատ հանդիպեին, իսկ նա ուսում ստացած, իր մասնագիտության մեջ խորացած երիտասարդ է, ով կառուցել է իր ապագան։ «Բնականաբար, դժվար է այսօր ծիծաղեցնել հեռուստադիտողին, ես սա նաև որպես թատրոնի դերասան եմ ասում, հայ հանդիսատեսը պահանջկոտ է: Իսկ այն հարցին՝ արդյո՞ք իմ կերպարը ստացվել է, թե՝ ոչ, ես չէ, որ պետք է պատասխանեմ, դրա մասին կդատեն հեռուստադիտողը և իմ ընկերները»,-ասաց Սամվելը:

Չնայած Գաբի Գալոյանին շատերը ճանաչում են որպես երգչուհի, բայց այս անգամ նա իր ուժերը որոշել է փորձել դերասանական ոլորտում, թեպետ խոստովանում է, որ սկզբում տարակուսում էր, քանի որ իրեն երբեք չէր փորձել այդ բնագավառում. «Սկզբում ինչքան առաջարկներ ստանում էի նկարահանվելու, միշտ մերժում էի, բայց սա առաջին նախագիծն էր, որ համաձայնվել եմ: Նախ ինձ գրավեց այն փաստը, որ սա Առաջին ալիքի նախագիծն է, ինձ գրավեց նաև դերասանական կազմը: Խաղում եմ Լուիզա Ներսիսյանի ընկերուհու դերը, բավականին էպատաժային կերպար է»: 

Զրույցի վերջում սիթքոմի ռեժիսորը նշեց, որ սիթքոմը բաղկացած է 26 մասից, իսկ նկարահանումները մոտենում են ավարտին, քանի որ սկսվել էին դեռևս հունիս ամսից: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել