Հոկտեմբերի 9-ին Լևոն Զուրաբյանը ԱԺ բրիֆինգի ժամանակ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մեջ: 
Զուրաբյանը խոսել է առանց փաստերի, սակայն նշել է, թե փաստերը կհրապարակի որոշ ժամանակ հետո:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Զուրաբյանի քաղաքական հայտարարությանն իրավական ընթացք տալը ճնշում է ընդդիմության նկատմամբ. «Մեծ հաշվով, Սահմանադրությունը պատգամավորին ազատում է քաղաքական գործունեության հետ կապված հարցապնդումներից, իսկ սա, բնականաբար, քաղաքական բնույթի է, ուստի ընդամենը, կարծում եմ, աղմուկ հանելու և «սև փիառ» անելու համար է»,- նշել է Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի ասածից կարելի է եզրակացնել, որ եթե որևէ քաղաքացու կամ քաղաքական ուժի ներկայացուցչի զրպարտեն կամ ուղղակի հայհոյեն, և այդ մարդը՝ որպես իրավագիտակցության բարձր աստիճան ունեցող քաղաքացի, դատի տա կամ դիմի դատախազություն, դա կնշանակի, որ զրպարտողի նկատմամբ ճնշո՞ւմ է գործադրվում կամ քաղաքական հետապնդում կազմակերպվո՞ւմ: Դա իհարկե աբսուրդ է: Ստացվում է, որ «Ժառանգությունում» մնացած վերջին ադեկվատ գործչի մոտ ևս նկատվում են որոշակի անոմալիաներ, քանի որ նրա հայտարարությունները ոչ իրատեսական են և պոպուլիստական:

Հ.Գ. Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի` Վեցերորդ վարչությունը նախատեսում է «համապատասխան գործողություններ» Զուրաբյանի հայտարարության մասին մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել