Հոկտեմբերի 12-18-ը Ավստրիայի Լինց քաղաքում ընթանելու է 250 հազար դոլար մրցանակային հիմնադրամով WTA-ի կանանց «Generali Ladies Linz» անվանումով միջազգային ներկայացուցչական գերմրցաշարը:
Այս ստուգատեսում աշխարհի ուժեղագույնների մրցապայքարին մասնակցող թենիսիստուհիների թվում է վերջին շրջանում գերազանց մրցելույթներով առանձնացող կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ, 21-ամյա մոսկվացի Մարգարիտա Գասպարյանը: Երեկ՝ հոկտեմբերի 12-ին հրապարակված WTA-ի համաշխարհային դասակարգման ցուցակում հայազգի թենիսիստուհին մենախաղում զբաղեցնում է 73-րդ, իսկ զուգախաղում՝ 66-րդ հորիզոնականը:
Ավստրիական այս գերմրցաշարում էլ Գասպարյանը վստահ մեկնարկեց: Երեկ 1/16-րդ փուլում նա 1 ժամ 57 րոպե տևած համառ պայքարից հետո 6:3, 2:6, 6:3 հաշվով տպավորիչ հաղթական տոնեց բավական ուժեղ մրցակցի՝ WTA-ի համաշխարհային դասակարգման ցուցակում այս շաբաթ մենախաղում 57-րդ տեղում ընթացող 20 –ամյա գերմանուհի Կարինա Վիլտհոեֆտի նկատմամբ: Նրանց անձնական հանդիպումներում 2:1 հաշվով առջևում է հայ թենիսիստուհին:
1/8-րդ փուլում Մարգարիտայի մրցակիցը կլինի 26-ամյա գերմանուհի Յուլյա Գյորգեսի (WTA-ի ցուցակում հիմա 52-րդ վարկանիշն ունի) և 23–ամյա իտալուհի Քամիլա Ջորջիի (33-րդ վարկանիշն ունի) միջև այսօր տեղի ունենալիք մրցամարտի հաղթողը: 
Նշենք, որ 1-ին շրջանում տոնած հաղթանակը Գասպարյանին ապահովեց 3400 դոլար (2742 եվրո) պարգևավճար ու վարկանիշային 30 միավոր: Իսկ ահա այս գերմրցաշարի հաղթողն, ով հայտնի կդառնա հոկտեմբերի 18-ին, կստանա 43 հազար դոլար (34677 եվրո) պարգևավճար և կարժանանա նաև վարկանիշային 280 միավորի: 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել