Երբ ՀՀ-ն մի շարք օբյեկտիվ հանգամանքների ու «անվտանգության» ամենազոր գործոնի ազդեցության ներքո որոշեց ԵՏՄ մտնել, ուստի ԵՄ-ի հետ «Ասոցացման թեման» իր համար ինչ-որ առումով փակված համարել, բոլորը, այդ թվում նաև ինքս, չնայած ըմբռնելով խնդրի էությունը, սակայն, այնուամենայնիվ, խիստ քննադատաբար վերաբերվեցինք հիմնահարցին:

Սակայն քաղաքական պատմությունն ուրիշ բան ցույց տվեց: Եկավ ժամանակ, երբ անգամ գերմանացիները, տեսնելով ՌԴ-ի արձագանքը և ԵՄ-ի հետ ասոցացում ընտրածների ոչ նախաձելի տնտեսական, քաղաքական վիճակը, Արլ. Գործընկերության ոչ պաշտոնական բանակցային հանդիպումներում սկսեցին ԵՄ-ի հետ շփման ՀՀ-ի մոդելն օրինակ բերել մյուս գործընկերների համար՝ որպես հաշվենկատ և իրատեսկան ընտրություն: Խոսքն այն մասին է, որ Արլ. Գործընկերության մյուս երկրները ԵՄ-ի հետ իրենց հարաբերություններում չպետք է այրեին ՌԴ-ի հետ կամուրջները:

Այսօր Եվրոպան Լատվիայի ԱԳ նախարարի Է.Ռինկեւիչի շուրթերով հայտարարում է, թե. «Եվրամիությունը հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում մանդատ կտրամադրի Հայաստանի հետ նոր պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար»:

Արդյո՞ք սա նշանակում է, որ ԵՄ-ն լավ գիտակցել ու ըմբռնել է ՀՀ-ի դիրքորոշումը և օբյեկտիվ իրականությունը, որ ձևավորվել են ՀՀ-ի շուրջ և ողջ հետխորհրդային տարածաշրջանում, և այդ ամենով հանդերձ նա, հաշվի առնելով ՀՀ ազգային շահերը, ցանկանում է շարունակել հարաբերությունները Երևանի հետ: Սա, անկասկած, ուրախալի փաստ է և որոշակի գնահատական, որ ՀՀ դիրքորոշումն այս հարցում ամենից օպտիմալն էր և փոխշահավետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել