Քիչ առաջ ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի համատեղ ասուլիսը, որով ազդադարվելու էր նոր որակի «Նոր Հայաստան» ճակատի ստեղծման մասին, ինչի արդյունքում ստեղծվելու էր միասնական ընդդիմության շտաբ: Որքան էլ զարմանալի էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր մասնակցում ասուլիսին, և Ր. Հովհաննիսյանի փոխարեն նրա հայտարարությունը կարդաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ր. Հովհաննիսյանը վերջին շրջանում աչքի է ընկնում իր ոչ ադեկվատ վարքագծով, և բացառված չէ, որ Ր. Հովհաննիսյանն այս անգամ ևս մեկնել է Արևմտյան Հայաստան՝ «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի մասնաճյուղ ստեղծելու քրդական շրջաններում և Արևմտյան Հայաստանը ազատագրելու համար:

Նշենք՝ «Նոր Հայաստան» ճակատի ստեղծումը սպասելի էր մեր քաղաքական իրականության մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին մի քանի ամսում ստեղծվեցին մի քանի այդպիսի ճակատներ: Պատճառն այն է, որ «Ժառանգություն» կուսակցությունը կորցրել է իր նախկին իմիջը, հատկապես այն պարագայում, երբ Ռուբիկ Հակոբյանը դուրս եկավ կուսակցությունից: «Ժառանգության» պոտենցիալի նվազումն անհրաժեշտություն առաջացրեց միավորվել գաղափարակից ուժերի հետ: 
Բացառված չէ, որ առաջիկայում հնարավոր է՝ Հիմնադիր Խորհրդարանը և «Ժառանգությունը» միավորվեն մեկ քաղաքական ֆորմատի մեջ: Բայց քաղաքական զարգացումներից արդեն իսկ տեսանելի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չվերցնել պայքարի առաջամարտիկի դերը՝ պայքարի և կազմակերպչական հիմնական բեռը թողնելով իր կուսակիցների և Ժիրայր Սեֆիլյանի վրա:

Մյուս կողմից, Ժիրայր Սեֆիլյանը փորձում է լայն գործունեության դաշտ ապահովել, քանի որ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» օպերացիան, որի կյանքի կոչման համար Հիմնադիր խորհրդարանը չուներ համախոհներ, ձախողելուց հետո գաղափարական համախոհներ է ձեռք բերել որոշակի քաղաքական գիծ առաջ տանելու համար: Արդյունքում ստացվելու է այնպես, որ Հիմնադիր խորհրդարանը, որն ունի որոշակիորեն ձևավորված թիմ, պայքարի ընթացքում իր ակտիվությամբ ստվերելու է մյուս նախաձեռնություններին և ուժերին, ներառյալ «Ժառանգությանը»:

Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել «Նոր Հայաստան» ճակատի գործունեության էֆեկտիվության մասին, քանի որ այն խայտաբղետ միավորում է, և որոշ ժամանակ է պահանջվելու ճակատի մասնակիցներից ընտելանալու նոր գործողությունների ֆորմատին և միասնականորեն կոորդինացնելու իրենց քայլերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել