IRNA. ԻՊ ղեկավարը վիրավորվել է, նրա 3 տեղակալը՝ սպանվելԵրեկ իրաքյան ուժայինները սենսացիոն լուր տարածեցին, համաձայն որի՝ Իրաքի ՌՕՈւ-ն օդային հարվածներ է հասցրել ԻՊ ղեկավար Աբու Բաքր Ալ Բաղդադիի ավտոշարասյանը, ինչի արդյունքում մեծ քանակությամբ ահաբեկիչներ են ոչնչացվել, այդ թվում նաև ԻՊ ղեկավարի երեք տեղակալներն ու հավանաբար հենց ինքը՝ Ալ Բաղդադին։

Հետո այս տեղեկատվական աղմուկին միացան նաև իրանական ռեսուրսները, ովքեր հաստատեցին 3 տեղակալների սպանությունը, իսկ Բաղդադիի մասով հաղորդեցին, որ նա ծանր վիրավորվել է ռմբակոծության արդյունքում։

Սակայն տեղեկատվական այս հոսքը հենց սկզբից բախվեց թերահավատության պատնեշի։ Արևմտյան և ռուսական մի շարք լրատվամիջոցներ միանգամից հիշեցին, որ վերջին տարիների ընթացքում առնվազն 3 անգամ հաղորդվել է Ալ Բաղդադիի սպանության մասին, իսկ տվյալ դեպքում անգամ չեն ներկայացվում որևէ ապացույցներ ոչ միայն վերջինիս լիկվիդացման մասին, այլև այնպիսի փաստեր, որոնք կփաստեին, որ ավտոշարասյան նկատմամբ ինչ-որ հարված է հասցվել:


Այսպիսով, կարելի է փաստել, որ այս պահի դրությամբ գործ ունենք չճշտված տեղեկատվության հետ, որը մեծ հավանականությամբ կարող է լինել պարզապես քարոզչական խայծ։ Սա չի բացառում այն, որ ԻՊ-ի ղեկավարի շարասյան նկատմամբ ավիահարվածի դրվագ տեղ գտել է, ոչ էլ կարելի է վստահությամբ բացառել բարձրաստիճան ԻՊ-ականների ու հենց Ալ Բաղդադիի լիկվիդացումը, բայց այս պահին դեռ շատ վաղ է խոսել դրա մասին՝ որպես կայացած փաստի։

Ավելին, նույնիսկ Ալ Բաղդադիի լիկվիդացումը մեծ հաշվով ոչինչ չի կարող փոխել ընդհանուր պատկերում, որովհետև ԻՊ-ի առանձնահատկությունը կայանում է հրաշալի ցանցային կառուցվածքի ու կենսունակության փաստի մեջ, և նույնիսկ դրա պարագլխի ոչնչացումը կբերի զուտ այն բանին, որ նրան կփոխարինի մեկ այլ իսլամիստ, ինչը բնավ չի ազդի ո՛չ ԻՊ-ի բովանդակության, ո՛չ էլ դրա մարտական հնարավորությունների ու պոտենցիալի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել