Tert.am-ը գրում է․
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին խաղաղության երթի մասնակիցների դեմ իրականացված ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի:

Առայժմ ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել երկու պայթյունների պատասխանատվությունը:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կարծիքով ահաբեկչության հետևում կարող են կանգնած լինել մի քանի կազմակերպություններ: Դավութօղլուն կասկածյալների շարքում նշել է Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, Ժողովրդական ազատագրության հեղափոխական կուսակցություն-ճակատը և Մարքսիստ-լենինիստական կոմունիստական կուսակցությունը:

Թուրքիայի ընդդիմադիր գլխավոր ուժերն իշխանությանը մեղադրել են անգործության մեջ:

Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին տեղի ունեցածի մեջ մեղադրում է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությանը: «Թուրքիան վճարում է ահաբեկչության նկատմամբ համակրանքի և ջերմ վերաբերմունքի, արտաքին քաղաքականությունում ոչ օբյեկտիվ և ազգային շահերից չբխող  մոտեցումների գինը»,- հայտարարել է Բահչելին:

Թուրքիայի ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է հրաժարական տան: «Պահանջում ենք ստուգել, թե որոնք են անվտանգության և հետախուզական մարմինների այսքան թույլ լինելու պատճառները»,- նշված է հայտարարությունում:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սալահեթին Դեմիրթաշը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիաի նախագահ Էրդողանին և վարչապետ Դավութօղլուին: «Ընտրություններից առաջ և հետո կորցրել ենք մեր 150 անդամների: Չի նշվել ոչ մեկի անունը, ով պատասխանատու է: Չկա արդյունավետ հետաքննություն: Չի լինի նաև այս հարձակման դեպքում»,- ասել է Դեմիրթաշը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել