Картинки по запросу տարոն մարգարյանՀարգելի՛ պարոն Մարգարյան, ես ազատամարտիկ, լրագրող, հրապարակախոս, պետական հեռուստաընկերությամբ ժամանակին հեռարձակվող «Երևանի փողոցները» հաղորդաշարի հեղինակ Սուրեն Սիամանթոյի Սարգսյանս, կողմ եմ, որ Էրեբունի-Երևանի տոնը մշտապես նշվի, ավելին, ինձ չեն հուզում այն քննադատությունները, որ հնչեցին ձեր՝ շռայլ ու որոշ դեպքերում գուցե անարժան (չի հասնում) նվիրատվությունների վերաբերյալ: Այսօր, ցավոք սրտի, ուղեղներն ամորձատած հեռուստաընկերություններից գոնե մեկը չգտնվեց, որ դիմեր ինձ կամ իմ չափ տեղեկացված որևէ մեկին՝ Երևանի մասին մի քանի հուշեր լսելու ակնկալիքով: Կարող էի եզրակացնել, որ տերերը թույլ չեն տալիս, սակայն պատճառն ավելի ցավալի է՝ տրամաբանություն չունեն, հիշողություն, ծտի խելք, որ հացը հացարարին տան, մի բան էլ ավելին ուզեն: Այդ պատմությունները Սուրեն Սարգսյանինը չեն և ոչ էլ թույլ չտվող, երևանյան արմատը չունեցող, չհասկացող ու չտեսնող տերերինը: Այդ պատմությունները մերն են, որպես Երևանի քաղաքապետ՝ նաև ձերը, որ կարող էի հրապարակում անգամ հնչեցնել:
Եվ այսպես, առաջին հրշեջ կայանը նախկին Ազիզբեկովի, այսօր՝ Սախարովի հրապարակում գործող կայանն է: Ի դեպ, սփյուռքի հայերը 30-ական թվականներին գումար հավաքեցին և այդ կայանում հայտնվեց առաջին հրշեջ մեքենան՝ իտալական արտադրության: Քանի որ Երևանը բարձրահարկ շենքեր չուներ, քաղաքն ամենևին այլ կառուցվածք ուներ, կապի միջոցներ էլ չկային, հրշեջ կայանի գմբեթից հերթապահը հսկում էր, տեսադաշտում ծուխ նկատելուն պես ահազանգ էին հնչեցնում, հասնում հրդեհաշիջմամ: Հաճախ, սակայն, վերադառնում էին գինովցած, քանզի մեծ մասամբ, բարձրացող ծուխը Երևանյան այս կամ այն թաղամասում արվող խորովածինն էր լինում: 
Ի դեպ, Սախարովի հրապարակից դեպի Աբովյան փողոց գնացող, ձախ կողմի գնչուական վրանի տեսքով շենք չհասած, որտեղ այժմ Ժուռնալիստների միության շենքն է և որի նախագահը ձեր ավագանու անդամ, ժուռնալիստիկայի հետ որևէ կապ չունեցող տիկին, թե օրիորդ Աստղիկ Գևորգյանն է, նկուղային մի սրճարան է գործել: Սրճարանի սեփականատերը Փարիզից հայրենադարձ եղած Հարություն Տարոնացի անունով մեկն է եղել, ում, երբ Աղասի Խանջյանը հարցրել է, թե՝ ինչ ես ուզում եղբայր ինձնից, որ քո դիմումներով ողողել ես քաղաքապետարանը, պատասխանել է՝ կուզեմ Մոն-մարտրի կաֆեներուն պես մեկ հատ էլ հոս լինի, ուր ոչ ոք չպիտի հաճախե բացի մտավորականներից: Խանջյանը տվել է իր համաձայնությունը, և մեր հայրենակից Հարություն Տարոնացին հետաքրքիր ձև է գտել այլոց մուտքը սրճարան սահմանափակելու ճանապարհին: Նա միշտ հերթապահի կարգավիճակով, սրճարանի մուտքի մոտ կանգնած՝ ուշադիր տնտղել է հաճախորդներին և երբ զգացել է, որ հնարավոր հաճախորդները պատահական քեֆչիներ են, իբր իմիջիայլոց, եկողներին բարձրաձայնել է, թե՝ բարեկամս, հոս քեզի համար հետաքրքիր չըլլար, «է, ինչի՞ որ» սրանց հարցին ի պատասխան, ասել է՝ հոս խմիչք չեն վաճառեր և զվարճասերներն արդյունքում «էլ էստեղ ի՞նչ գործ ունենք» ասելով՝ հեռացել են: Ցավոք սրտի, 37 թվականին, սրճարանի հաճախորդներին գործակալները հատիկ-հատիկ ձերբակալել ու Սիբիր են աքսորել:
Հարգելի՛ Տարոն Մարգարյան, ասածիս մեջ հեգնանք չկա, սոսկ սրտացավություն ունեմ: Շատ կուզեի, որ այս և նմանատիպ պատմությունները երևանցու սեփականությունը դառնային. օրինակ, քաղաքի ամենահայտնի գեղեցկուհիներից սիրուն Լիայի տունը ո՞ր խաչմերուկում է եղել, ի՞նչ «կայֆ են բռնել» և ինչպե՞ս են արտահայտվել երևանցիք հոլանդական ձեղնահարկով առաջին տները տեսնելիս, ի՞նչ նշանակություն ունի մեր ծանր արդյունաբերության հիմնադիրներ Տեր-Ավետիքովների տունը և ի՞նչ վիճակում է այժմ այն, հայտնի պահածոների գործարանը Երևանի, ի՞նչ նշանակություն է ունեցել Տերյան փողոցը և էլի շատ ու շատ պատմություններ, որ կուզեի, եթե ոչ վաղը, ապա էրեբունի-Երևանի հաջորդ տոնակատարության ժամանակ հնչեին: 
Մի բան էլ , որ վստահ եմ՝ գիտեք, բայց կուզեի ավելի ուշադիր լինեք՝ Երևանը գեղեցիկի ու սիրո խորհրդանիշն է և բնօրրանը, Երևանի պատմությունը կուզեի, որ միայն մեր ու ձեր հուշերում չարտացոլվեր, այլ պահպանվեր՝ իր շենք ու շինություններով և հարուստ ժառանգությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել