Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի վերաբերյալ սկանդալային տեսանյութը, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է. 
«Ի՞նչ մեկնաբանեմ անհատ, մասնավոր անձերի վերաբերյալ: Սա մեկ: Երկրորդ՝ իսկ ինչ-որ մեկն իրավունք ունի՞ վերահսկողություն սահմանել մարդու, այդ թվում՝ պատգամավորի մասնավոր սեփականության նկատմամբ: Եվ երրորդ՝ ի՞նչ է նշանակում հետևողական որսը մարդու մասնավոր կյանքի, մասնավոր սեփականության նկատմամբ, և դրանից բխող հիմնարար ազատությունների»:
Ճիշտն ասած, մի պահ ապշել էի նման պատասխանից, որովհետև 3 նախադասության մեջ Ուրիխանյանին հաջողվեց 3 հատ խայտառակ սխալ միտք ասել։
1. Հարգելի պարոն Ուրիխանյան, դուք՝ որպես ԲՀԿ կուսակցության մամուլի խոսնակ, ունեք մի շարք այլ գործառույթներ՝ բացի Գագիկ Ծառուկյանի 24 ժամանոց գովք ու գովասանք անելուց, մեկ էլ անձամբ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչած ոչ դուրեկան հայտարարություններին արձագանքելուց, և այդ գործառույթներից մեկն էլ ԲՀԿ կուսակցությանը վերաբերող հարցերին մեկնաբանություններ տալն է, իսկ Մելքումյանը ոչ թե պարզապես անհատ է, ոչ էլ անգամ շարքային ԲՀԿ-ական, նա ձեր «500000 ընտրող ունեցող» ուժի դրոշակակիրներից է, պատգամավորական մանդատի կրող։ Ըստ այդմ, տրամաբանական է, որ դուք՝ որպես մամուլի խոսնակ, բարձրաձայնեք կուսակցության դիրքորոշումը կատարված խայտառակ ու մերկացնող բացահայտման վերաբերյալ։
2. Հարգելի պարոն Ուրիխանյան, ինչպե՞ս թե ոչ մեկ իրավունք չունի վերահսկողություն սահմանի մարդու ու առավել ևս մասնավոր սեփականության վրա։ Ի գիտություն Ձեզ՝ սովորական քաղաքացու մասնավոր սեփականության վրա վերահսկողություն սահմանելու իրավունք ունեն մի շարք պատկան մարմիններ, ինչպիսիք են, օրինակ, հարկայինը կամ ոստիկանությունը, իսկ պատգամավորի դեպքում՝ նաև հասարակությունը, որովհետև պատգամավորը բացի սովորական քաղաքացի լինելուց նաև հանրային դեմք է։ Լավ չի, որ «Ամենաժողովրդական ուժի» կարկառուն ներկայացուցիչը չգիտի այս հասարակ իրողությունները։
3. Հարգելի պարոն Ուրիխանյան, ի՞նչ է նշանակում՝ որս են հայտարարել։ Այսինքն դուք դե՞մ եք, որ օրենքը խախտած ու ստախոս մարդու «հերոսությունները» ջրի երես բերվեն, երբ բանը հասնում է Ձեր կուսակցությանը, թե՞ գտնում եք, որ եթե ԲՀԿ-ական է մարդ, ինքը օրենքից վեր է։ Իսկ գուցե համարո՞ւմ եք, որ իրականում ամեն ինչ կեղծված է, և Միքայել Մեքումյանը այն ողջ անշարժ գույքի սեփականատերը չէ, որի մասին խոսվում է տեսանյութում և ոչ միայն։

Ամաչե´ք Ձեր պատասխանից, պարոն Ուրիխանյան, որովհետև այն հարիր չէ ոչ միայն ԱԺ պատգամավորին, այլև քիչ թե շատ իրեն հարգող և տրամաբանող մարդուն։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել