Մինչ աշխարհը զբաղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների, ծայրահեղական կառույցի դեմ իրականացվող պայքարի, ռուսական օդուժի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող ռազմական գործողությունների քննարկմամբ, ակնհայտորեն աչքաթող է արվում մերձավորարևելյան մեկ այլ առանցքային պետությունում՝ Իսրայելում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները: 
Բանն այն է, որ արդեն ավելի քան 2 շաբաթ շարունակվող պաղեստինաիսրայելական բախումները, որոնք ձնագնդի էֆեկտով օրեցօր ավելի լայն մասշտաբներ են ընգրկում, շատ փորձագետներ, պետական, քաղաքական գործիչներ արդեն իսկ որակել են՝ որպես «երրորդ ինթիֆադա» (Ինթիֆադա՝ արաբերենից թարգմանաբար՝ ապստամբություն: Պաղեստինցիների նախորդ երկու ապստամբությունները տեղի են ունեցել 1987 և 2000 թվականներին), կամ «դանակային ինթիֆադա»: Դանակներով, մկրատներով, պտուտակահանիչներով և այլ ծակող-կտրող միջոցներով Հրեական պետության գրեթե բոլոր, բայց հատկապես՝ արաբներով բնակեցված շրջանների փողոցներում, խանութներում, կանգառներում,հասարակական տրանսպորտում, բոլոր մարդաշատ վայրերում պաղեստինցիները հարձակվում են հրեաների վրա՝ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ հասցնելով: Ի պատասխան, երկրի բարձրագույն իշխանությունների կողմից իսրայելցի ոստիկաններին հրամայված է նախահարձակ կրակ բացել «ահաբեկիչների» վրա, զենք կրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին՝ մշտապես իրենց մոտ պահել դրանք և անհրաժեշտության դեպքում առանց վարանելու կիրառել, նաև՝ աջակցել իրավապահներին: Երկկողմանի հարձակումների հետևանքով արդեն իսկ գրանցվել են մի քանի տասնյակ վիրավորներ, իսկ «Կարմիր մահիկի» կազմակերպության պաղեստինյան ներկայացուցչության հաղորդմամբ՝ միայն վերջին 5 օրերի ընթացքում տեղ գտած բախումների հետևանքով տուժել է շուրջ 1300 մարդ:
Խնդիրը բարդանում է նրանով, որ հիմնականում Հուդայի և Սամարիայի տարածքից իսրայելապաղեստինյան բախումները տեղափոխվում են նաև Պաղեստինյան ինքնավարության մեկ այլ շրջան՝ Գազայի հատված, որտեղ տեղ գտած զինված բախումների հետևանքով վերջին 2 օրվա ընթացքում արդեն սպանվել է 5, վիրավորվել 35 պաղեստինցի:
Իրավիճակն Իսրայելում բավականաչափ դժվար է վերահսկվում ամբողջությամբ ոտքի հանված իրավապահ համակարգի կողմից, քանի որ հարձակումներն, ըստ էության, հախուռն են, ունեն հիմնականում անհատական բնույթ, դրանով իսկ՝ գրեթե անկանխատեսելի են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել