Քաղաքացիական վերահսկողություն, հասարակական կարծիք, ժողովրդի շահ. նմանատիպ բառերն ու բառակապակցությունները հաճախ ենք լսում տարբեր չինովնիկներից, կառավարության անդամներից, թե իբր այս կամ այն որոշումը կայացվում է՝ ելնելով քաղաքացու շահից, հասարակական պահանջից, իսկ մյուս կողմից հայրենի կառավարությունում կայացրած գոնե վերջին որոշումներն ամբողջովին այլ բանի մասին են խոսում:
Մեր կառավարման պրակտիկայում ավանդական է դարձել այս կամ այն կարևոր որոշման և իրադարձության մասին հանրությանը տեղեկացնել արդեն կատարված փաստի տեսքով: Այսինքն՝ մի օր արթնանում ենք և տեղեկանում, որ գազի ոլորտում Հայաստանը կուտակել է շուրջ երեք հարյուր մլն դոլարի պարտք, որ էլեկտրացանցերի պարտքը կազմում է ավելի քան երկու հարյուր հիսուն մլն դոլար, որ նույն այդ ՀԷՑ-ը վաճառվում է օֆշորային ընկերության, որի մասին գիտեին միայն գնորդն ու վաճառողը, կամ որոշում է կայացվում մարզահամերգային համալիրը օտարել մի ընկերության, որն ընդամենը 25 օր առաջ է հիմնադրվել: Եվ այսպես շարունակ: Ու չնայած բազում հարցադրումներին, դեռևս պաշտոնական մակարդակով բացատրություններ չեն տրվել, թե իրականում որն է նման իրավիճակի պատճառը, և ովքեր, ինչ ուժեր են կանգնած այս կազմակերպությունների ետևում, որոնց օտարվել է ազգային սեփականությունը: Եվ հաշվետու լինելու փոխարեն մեզանում շարունակվում է որդեգրված քաղաքականություն՝ ժողովրդի աչքից հեռու՝ օֆշորում: Իսկ հասարակ քաղաքացին, որպես կանոն, այդ ամենին տեղեկանում է արդեն որպես կատարված փաստի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել