Hraparak.am-ը գրում է.

Ես գիտեմ, որ իմ ժողովուրդի մեջ բարությունն է իշխում: Առանձին դեպքեր, երբ մարդուն մինչև հոգու խորքն են վիրավորում, կան, կլինեն, բայց դա որակ չի կազմում: Հաճախակի պիտի հիշենք, որ ում մասին գրում ենք, նա մարդ է՝ միս ու արյունով, երեխաներ ունի, հարազատներ, շրջապատ, զգացմունքային մի ողջ աշխարհ ու ցավ է զգում:

Ցա՜վ է զգում… Ինչպես ես, դու, նա, բոլորս:

Գրիչ վերցնելուց, լեզու թրջելուց առաջ մտածենք՝ ի՞նչ ենք անում. այդ մարդուն թթվածնի, շնչելու հնարավորություն թողնու՞մ ենք, թե ամբողջովին «օդերը փակում ենք»:

Ես այս ներածականը ինչ որ մեկին պաշտպանելու համար չեմ գրում, եթե անկեղծ լինեմ, ինքս ինձ, մեզ պաշտպանելու համար եմ գրում, որովհետև նույն վիճակում կարող ենք հայտնվել, հայտնվում ենք յուրաքանչյուրս ու ափ նետված ձկան պես շուրջներս նայենք՝ տեսնելու՝ որևէ մեկը մեզ չի՞ պաշտպանում:

Երեկ, օրինակ, իմ մի նյութի տակ ինչ որ մի անդեմ ֆեյք գրառում էր արել՝ ինֆարկտը խփի քեզ, որ էլ նյութ չգրես:

Գիտե՞ք, նման պարագայում ամեն ինչ մտածում ես: Մինչ դու հեռուներում ես փնտրում գրողին, նա կարող է լինել քեզ մոտ կանգնած մի գրչակ: Երբ զգում ես, որ կողքից գրողի հանդեպ իրենց անհանդուժողականությունն են ցուցաբերում մարդիկ, մոռանում ես անեծքի մասին, որը, ի դեպ, բումերանգի, ետդարձի ուժ ունի:

Երկու օր առաջ մի շատ հետաքրքիր պատմություն լսեցի: Զառա Արամյանի ընտանիքին մոտ մարդ էր պատմում:

Զառան շատ հուզված էր բնակարանային գզվռտոցից ու անհարկի վիրավորանքներից: Ի դեպ ասում էր, որ Զառային շատ են սիրում կեսուրը, կեսրարը, որոնց հետ ապրում է, չորս տալերը, որոնց մասին Զառան ասում է՝ նրանք իմ չորս քույրերն են:

Զառան հուզված, արցունքները սրբելով գնում- գալիս է: Կեսրարը չգիտեր՝ ոնց հանգստացներ հարսին: Նա միշտ Զառային գառ է ասում՝ իր բարության համար: Կեսրարն էլ ետևից է քայլում.

-Գառս… ի՞նչ անեմ, գառս…

Որ մի քանի անգամ հուզված կրկնում է՝ գառս, գառս, Զառան վրդովվում է. -Տո ի՞նչ գառ է պապ ջան, ինձ նման չաղ գառ որտե՞ղ ես տեսել:

- Կա, կա,- փորձում է օրինակներով համոզել կեսրարը միանգամայն լուրջ, որը Զառայի մոտ ծիծաղ է առաջացնում… Ոնց որ ամպրոպից հետո արև, հետո լաց ու թաց…

Այնպես որ, Զառա,անձամբ չճանաչելով քեզ, գիտեմ, որ դու քո գրած ստատուսի համար փոշմանել ես: Վկայությունը, որ անմիջապես հեռացրել ես էջիցդ: Դա ներողության նման մի բան է, մեծ հոգու տեր մարդու քայլ, ով անմիջապես շտկում է սխալը: Ինչպե՞ս կարելի է չընդունել այդ քայլը և նույն ջուրը ծեծել: Չէ՞ որ բոլորս էլ կարող ենք սխալվել, չզգալ պահի տակ մեր սխալը…

Ես ուզում եմ ասել ՝ թող քո օջախը երեխաներիդ համար երջանկաբեր լինի: Ինչքան էլ չար խոսքեր ստանամ, միևնույն է, համոզված եմ, որ ոչ մի հայ օջախ մտնելուց առաջ մարդուն չի անիծում ու ինձ, եթե ոչ բոլորը, գերակշիռ մասը կհասկանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել