Եթե Հայաստանում մտնեք որևէ ռեստորան, սրճարան, պանդոկ, խորտկարան, ճաշարան և խնդրեք մատուցել ասենք` լոռվա բորենի, կորկոտ, Արմավիրի տապակա, Շիրակի կոլոլակ, մշոշ, <<Արագած>> աղցան, արցախյան տապակա, ղափամա, ապա զարմացած, աչքերը չռած կնայեն քեզ, կարծես այլամոլորակայինես: Եվ ընդհանրապես, դուք զգու՞մ եք, որ մեր առօրյայում` ընտանիքներում, հասարակական սննդի օբյեկտներում կարծես գնալով վերանում է հայկական խոհանոցի համով, ինքնատիպ, ախորժալի ճաշատեսակները, չենք զգում մեր մանկության ճաշատեսակների համն ու հոտը, տեսականին: Այն միշտ, համառորեն, հետևողական, վստահ տեղը զիջում է օտար ճաշատեսակներին, աղցաններին, քաղցրավենիքներին…
Հիմա կհարձակվեն խիստ ու մոլեռանդ ազգայնականները, բայց չեմ կարող չասել, որ մենք միշտ էլ օտարամոլ ենք եղել, ձգտել ենք ընդօրինակել, վերցնել այլ ազգերից` բառեր, ճաշատեսակներ, երաժշտական կլկլոցներ, նվնվոցներ և մնացյալը, մոռանալով մերը` ազգայինը…
Խորհրդային տարիներին բոլորս զարգացած երևալու համար ռուսախոս էինք, գերիշխում էր ռուսականը, <<եղբայրական>> հանրապետությունների երգն ու պարը, հիմա էլ արևմտյան արժեքներն ենք պաշտում, ընդօրինակում, տարածում և դարձնում ապրելակերպ, գործելակերպ…
Եթե մտնեք վերը նշած օբյեկտները, ավելի շատ ասենք վրացական ճաշատեսակներ, աղցաններ կմատուցեն քան հայկական…Չնայած զուտ, իսկական հայկական ինչ է մնացել որ…
Վրացիները աչքիս լույսը չեն, բայց նույնիսկ դեռ խորհրդային տարիներից հիացել եմ նրանց կողմից, իրենց ազգայինը, իրենցը, իրենց մշակույթը, ավանդույթները, թեկուզ իրենց ցուցամոլությունը պահելու, զարգացնելու, ցուցադրելու, ներկայացնելու կարողությամբ: Այն տարիներին մտնելով Թբիլիսի դու զգում էիր այդ քաղաքի կոլորիտը, տեսնում նրա պատմության, հնի և նորի վարպետորեն ներկայացման, քաղաքի պատմության ընթացքը…Իսկ մեզանում ցավոք դա չկար, մի փոքր բացառությամբ Գյումրին, այն էլ երկրաշարժն ավերեց…
Ի՞նչ ունենք զուտ հայկական խոհանոցից, գրեթե ոչինչ, եղածն էլ կորցրել ենք…Թրքալեզու խաշլամանե՞րը, բուղլամանե՞րը, բոզբաշնե՞րը, ղաուրմանե՞րը, թաթար բորակինե՞րը, իքիբիրնե՞րը, արաբական իշլի քյուֆթանե՞րը, թաբուլենե՞րը, նման օտարածին այլ տեսակնե՞րը…Թերևս գուցե բացառություն են `խաշը, հարիսան, որոշ տեղերում քրչիկը, որոնք հուսամ զուտ հայկական են…
Իսկ ես վստահ գիտեմ, որ սացիվին`խոզի թե հավի մսով, խինկալին, կուպատին, չախոբիլին, խարչոն, սմբուկով, լոբիով աղցանները, պաշտետը, լոբիանին, չաշուշուլին, չաքապուլին, մուժուժին, չաբորգուլին, տարատեսակ խաչապուրիները վրացական են: Էլի թվարկե՞մ…Նրանց աջիգան, տղեմալին, տարատեսակ համեմունքները…Իհարկե կարիք չկա և պարզորոշ բոլորը գիտեն, որ դրանք վրացական են և ոչ մեկը չի վիճարկի…
Էլ չասեմ նրանց վերաբերմունքի մասին իրենց պատմական հուշարձանների պահպանությանը և այն ներկայացնելու ցուցամոլության հասնող վարպետությանը…
Ես կամաչեմ ինձ հյուր եկածներից որևէ մեկին Էրեբունի ամրոց տանել…Ի՞նչ ասեմ…Ուղղակի բոլորս էլ պետք է հետևություններ անենք ու օտարամոլությունը` ուրիշինը յուրացնելով զարգացած երևալու և դուր գալու մարմաջը մեր մեջից արմատախիլ անենք: Սիրենք մերը` հայկականը, ազգայինը, լինի մշակույթ, թե′ խոհանոց, թե′ ազգային այլ առանձնահատկություններ, և պահպանենք, փոխանցենք սերունդներին…
Իսկ թվարկածս վրացական ճաշատեսակները, աղցանները կարող եք հաջողությամբ համտեսել նաև Հայաստանի գրեթե բոլոր հասարակական սննդի օբյեկտներում…
Բարի ախորժակ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել