Այն, որ Ծառուկյանի որոշումն արդեն այնքան են ձգձգել, որ այդ պրոցեսն արդեն դուրս է եկել առողջ տրամաբանության ու քաղաքական դաշտից, անհերքելի փաստ է։ Արդեն անգամ ԲՀԿ-ականները չգիտեն՝ ինչ անեն, որովհետև շաբաթներով աճող լարվածության դեմ պայքարելն էլ մի բան չէ։
Լարված են ոչ միայն ԲՀԿ-ականներն, այլև հանրապետականներն ու բոլոր մնացած մանր խաղացողները։ Թերևս մենակ հենց Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն են, որ տեսնում են ամբողջական պատկերը։ Ըստ «Ժողովրդի» տվյալների՝ Սերժ Սարգսյանն անգամ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը կընդունի և կհասկանա Ծառուկյանի ցանկացած որոշում, մենակ թե թող դա արվի տղամարդավարի, ու իզուր լարվածություն չստեղծվի։ Ոնց տեսնում ենք, կատարվում է ճիշտ հակառակը. Ծառուկյանի մոտ կանգնած աղբյուրները ամեն անգամ ասում են այսինչ օրը Ծառուկյանը կանի իր հայտարարությունը, և ամեն անգամ նշված օրը հետաձգվում է։ Դե իսկ Սարգսյանի համար վերջին հաշվով մեկ է, որովհետև անգամ ընդունելով այն ակնհայտ փաստը, որ ստեղծված պայմաններում միակ քիչ թե շատ լուրջ մրցակիցը Ծառուկյանն է, միևնույն է, ակնհայտ է նաև, որ Սարգսյանը կհաղթի անգամ երկու Ծառուկյանների՝ իր անձնական քաղաքական վարկանիշով և ադմինիստրատիվ ռեսուրսի գործածությամբ։ (Կից նյութը)

Այնինչ, «Ժողովրդի» մեկ այլ լուրի համաձայն Ծառուկյանը ուրիշ պլաններ ունի ու դատելով ՀԱԿ-ականների ակնարկներից ու խորամանկ զգուշավորությունից, նախընտրական ամենամեծ անակնկալը լինելու է այն, որ ԲՀԿ-ն՝ ի դեմս Ծառուկյանի, հայտարարելու է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության սատարման մասին և հանդես է գալու նրանց հետ միասնական ճակատով։ Փիառի տեսակետից, ինչ խոսք, առնվազն հետաքրքիր քայլ է, որովհետև նման սցենարը վերստին կբորբոքի հասարակության ուշադրությունը, որը կարծես թե համակերպվել է Ծառուկյան-Սարգսյան առանցքով ընթացող ընտրությունների գաղափարի հետ, իսկ ինչպես հայտնի է, քաղաքականությունը հենց այն միջավայրն է, որի ներկայացուցիչները ամենից շատն են սիրում պղտոր ջրում ձուկ բռնել, այդ իսկ պատճառով սա շատերի համար երկար սպասված և ցանկալի տարբերակ է։ (Կից նյութը)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել