Երեկ Կասպից ծովում գործող ռուսական նավատորմիղի նավերից Իսլամական Պետության դիրքերի վրա արձակված թևավոր հրթիռների համազարկը բավական խորհրդանշական էր ՌԴ իշխանությունների մերձավորարևելյան աշխարհաքաղաքական տեսլականը ուրվագծելու տեսանկյունից: Թեպետ իրականում հայտնի չէ, թե այդ համազարկի արդյունքում ինչ թիրախներ են խոցվել, սակայն ավելի կարևոր է այն երթուղին, որով այդ թևավոր հրթիռներն ուղղորդվել են դեպի նախանշված թիրախները՝ ռուսաստանյան պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդման համաձայն մինչ Սիրիայում ոչնչացման ենթակա ահաբեկիչների դիրքերին հասնելը դրանք անցել են Իրանի և Իրաքի օդային տարածքով: Հրթիռների անցումը նշված երթուղով համաձայնեցված է եղել պաշտոնական Թեհրանի ու Բաղդադի հետ: Թերևս այս կարգի հարվածների վերաբերյալ փոխհամաձայնությունն արդեն իսկ առկա է եղել դեռ այն ժամանակ, երբ Ռուսաստանը, Սիրիան, Իրանն ու Իրաքը որոշում կայացրեցին Բաղդադում համատեղ տեղեկատվական-կոորդինացիոն կենտրոն բացել: Ըստ էության, ներկայումս Մերձավոր Արևելքի տարածքում այդպիսով ստեղծվել է մի ցամաքային միջանցք, որը, ձգվելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, ոչ միայն մեկուսացնում է Թուրքիային հարավային ուղղության վրա և սահմանափակում Սաուդյան Արաբիայի ռազմական ակտիվությունն իր հյուսիսային սահմանների մոտ, այլև հնարավորություն է տալիս Ռուսաստանին այն օգտագործել իր զինված ուժերի կողմից հասցվող հարվածներն իրականացնելու համար՝ առանց թուրքական կամակորությունների հետ հաշվի նստելու: Փաստորեն այսօր Սաուդյան Արաբիան Թուրքիային կապող միակ ցամաքային կամուրջի դերը կատարում է հենց Իսլամական Պետությունը և վերջինիս կործանումը միանգամայն նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում: Հավանաբար փորձեր կարվեն ռուսների առաջնորդած հակաահաբեկչական կոալիցիան փլուզելու համար և այդ տեսանկյունից առավել թույլ օղակը մնում է Իրաքը, որը կարող է ենթարկվել լուրջ ռազմական, քաղաքական, տնտեսական ու ահաբեկչական ճնշումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել