Ուշագրավ ռուս-թուրքական զարգացումներ` սիրիական ճգնաժամի շուրջ: Ըստ «Ռոյթերս» գործակալության, այսօր Բրյուսելում կայացած բրիֆինգում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ «համապատասխան զարգացումների» դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ կլինի զորքեր ուղարկել Թուրքիայի հարավ` պաշտպանելու համար իր դաշնակից Թուրքիային:
«ՆԱՏՕ-ն պատրաստ է և ունակ է պաշտպանության տակ առնել իր բոլոր ռազմավարական դաշնակիցներին, ներառյալ Թուրքիային` ցանկացած մարտահրավերների դեպքում: Ներկայումս դաշինքը մշտական մոնիտորինգ է իրականացնում Սիրիայի տարածքում և թուրքական ղեկավարության հետ քննարկում է Թուրքիա լրացուցիչ ռազմական ստորաբաժանումներ ուղարկելու հարցը: ՆԱՏՕ-ն արդեն իսկ արձագանքել է Սիրիայի շուրջ իրավիճակի փոփոխությանը և բարձրացրել իր զորքերի հնարավոր տեղափոխման պատրաստվածության աստիճանը»,- ասել է Սթոլտենբերգը:
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվեցին, երբ ռուսական ռազմական ինքնաթիռները (օդ բարձրացրած ԴԱԻՇ-ի թիրախների վրա հարվածներ հասցնելու նպատակով) հատեցին թուրքական օդային սահմանը, որն էլ հանգեցրեց Թուրքիայի կտրուկ անձագանքին: Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում էր արդեն Ռուսաստանին «գազային պատերազմով»` խոսում էր ռուսական գազ գնելուց հրաժարվելու մասին, միաժամանակ շեշտելով, որ ներկայումս Թուրքիան է ռուսական գազի թիվ մեկ սպառողը: 
«Թուրքիան մեծ կորուստ կլինի Ռուսաստանի համար, և եթե պետք լինի, Թուրքիան կկարողանա գազ գնել այլ երկրներից և անպայման կգտնի այլընտրանք»,- ասել է Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Մինչդեռ դեռևս անցյալ ամիս Պուտինն ու Էրդողանը բարեկամական ջերմ մթնոլորտում Մոսկվայում մասնակցում էին Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացմանը` իսկ հիմա ահա տեղի է ունենում այսպիսի շրջադարձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել