Ինչպես գիտենք Արթուր Բաղդասարյանը, 2014թ. մասնակցելով ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդի քարտուղարների կոմիտեի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներին, կոմիտեում առաջ քաշեց Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի ստեղծման գաղափարը:

Գաղափարի հավանության արժանանալուց զատ, հավանության արժանացավ նաև Արթուր Բաղդասարյանին, որպես Ակադեմիայի նախագահ նշանակելու առաջարկը:
Այդ ժամանակ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղարի գրասենյակն ուրախությամբ հայտարարեց ի լուր բոլորի՝ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի ղեկավար:

Այս քայլով Բաղդասարյանը բոլորին ցանկացավ ցույց տալ, որ ինքն այլևս վայելում է ՌԴ նախագահի վստահությունը, և արդեն ժամանակն է «նախագահի թեկնածու» նախագիծը կրկին կյանքի կոչելու:

Ինչևէ, արդեն հայտնի է, որ ՀԱԿՊ Ակադեմիան որի կառուցման համար քանդվեց Աճառյանի դպրոցը, չի բացվելու, ստեղծման աշխատանքները կասեցվել են: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Ոչ բոլոր ՀԱՊԿ անդամ երկրներն են աջակցել ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման գաղափարին: Բացի այդ, խնդիրներ են առաջացել՝ կապված նախագծի ֆինանսավորման հետ: 2014 թվականին Հայաստանի Հանրապետության ղեկավարության համաձայնությամբ՝ ՀԱՊԿ-ը կասեցնում է աշխատանքներն այդ նախագծի վրա»,- հայտարարել է Բորդյուժան՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման բոլոր աշխատանքները դադարեցված են:

«Ցավալին» այն է, որ ՕԵԿ-ի կողմից այնպես էր ներկայացվում, ասես Ռուսաստանը հատուկ իր կադրի համար պաշտոն է ստեղծում: Այնպիսի պաշտոն, որը Բաղդասարյանին ստիպեց հրաժարվել ՀՀ ԱԱԽ ղեկավարի պաշտոնից: Արդյունքում, նա մնաց և՛ ՀՀ իշխանությունների կողմից լքված ու դեն նետված, և՛ չունեցավ հայ հասարակության և քաղաքական ուժերի վստահությունը, որպես գործընկեր: Այսպիսով, ի՞նչ է անելու Արթուր Բաղդասարյանը հիմա, ի՞նչ եղան Բորդյուժայի, Պատրուշևի, և առաջին հերթին՝ Պուտինի անվերապահ վստահությունը:

Կարծում եմ Ռուսաստանի պատասխանն Արթուր Բաղդասարյանին առավել քան լակոնիկ էր՝ շենքը կառուցելու և Ակադեմիայի գործունեությունն ապահովելու համար գումար չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել